2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 28, 2026

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։

Նիստին Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։

Խորհրդի նիստն անցկացվել է սեպտեմբերի 27-ին՝ Ալմաթիին «ԱՊՀ սպորտային մայրաքաղաք–2026» կարգավիճակը հաստատող հավաստագրի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո։ Նիստին մասնակցել են ԱՊՀ 9 պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների միջև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համագործակցության արդիական հարցեր։ Կողմերը ներկայացրել են ոլորտում իրականացվող աշխատանքները, փոխանակվել փորձով, ինչպես նաև անդրադարձել հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղություններին։

Նախատեսվում է, որ 2029 թվականի ԱՊՀ մարզական խաղերի շրջանակում Հայաստանում կանցկացվի նաև ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի հերթական նիստը։

Հիշեցնենք՝ 2024 թվականին Գյումրին հռչակվել էր ԱՊՀ սպորտի մայրաքաղաք և հյուրընկալել ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը:

ԱՊՀ մարզական խաղերի նպատակներից են՝ մասնակից պետությունների միջև մարզական կապերի ամրապնդումը, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, ինչպես նաև տարբեր մարզաձևերի հանրահռչակումը։

Կիսվել