ՌԴ ԱԳՆ-ն կոչ է արել Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ անդամակցության դիմում ներկայացնելը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 09, 2026

Հայաստանի իշխանությունները նախ պետք է հանրաքվեի միջոցով պարզեն քաղաքացիների վերաբերմունքը երկրի՝ Եվրամիությանը (ԵՄ) անդամակցության նկատմամբ և միայն դրանից հետո պաշտոնական դիմում ներկայացնեն Բրյուսել․ այս մասին, «Известия»-ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

Պանկինը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից եվրաինտեգրման ձգտումը հակասական իրավիճակ է ստեղծել։ Նա կարծում է, որ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից Երևանի ստացած տնտեսական առավելություններն օգտագործվում են մեկ այլ միության միանալու գաղափարն առաջ մղելու համար։

Ռուսաստանի փոխարտգործնախարարն ընդգծել է, որ համազգային քվեարկության անցկացումը կհամապատասխանի Հայաստանի ապագա ինտեգրացիոն ուղին որոշելու սահմանադրական ընթացակարգին։ Սակայն նա մտահոգություն է հայտնել, որ ԵՄ դիմումը ներկայացնելուց հետո քաղաքացիների կարծիքն այլևս հաշվի չի առնվի։

Դիվանագետը նաև հիշեցրել է ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների մասին Հայաստանի համար։ Նրա խոսքով՝ նման սցենարը դիտարկվում է բացառապես որպես վերջին միջոց՝ միության մնացյալ անդամների տնտեսական անվտանգությունը պաշտպանելու համար։

 

Կիսվել