Շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում. Գագիկ Ծառուկյան

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 14, 2026

Թեև ռուս-ամերիկյան վերջին խոշոր տնտեսական գործարքը Հայաստանին ուղիղ կերպով չի առնչվում, բայց մեզ համար այն հետևություններ անելու լավ առիթ է և պարտավորություն, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Նախ. երբեք չի կարելի հայտնվել խոշոր տերությունների շահերի բախման կենտրոնում։ Փոքր պետությունների համար դա միշտ ավարտվում է կորուստներով, իսկ երբեմն՝ ողբերգությամբ։ Սա այն է, ինչի մասին ես ու թիմը զգուշացնում ենք վերջին տարիներին։

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները պաշտպանում են իրենց պետությունների տնտեսական շահերը, հետևաբար՝ իրենց ժողովուրդների շահերը, իրենց քաղաքացիների բարեկեցությունը։

Տնտեսությունը չի լինում արևմտամետ կամ ռուսամետ. սա ես վերջին մեկ տարում ասել եմ բազմաթիվ անգամներ, երբ տեսնում էի, որ մեր տնտեսության համար արհեստականորեն խնդիրներ են ստեղծվում։

Այսօր մեր գյուղատնտեսությունը, արտահանողները կանգնած են ծանր խնդրի առջև. շատերը չեն դիմանալու, ուղղակի սնանկանալու են։ Ու դա մի խնդրի պատճառով, որը չպետք է լիներ։ Հաճելի և անիրական խոստումների դիմաց մենք կանգնեցինք լուրջ խնդրի առաջ, որը հարյուր հազարավոր մեր քաղաքացիների բարեկեցությանն է վերաբերում։ Ինչո՞ւ, ի՞նչը մեզ ստիպեց հայտնվել այդ արհեստածին պրոբլեմի մեջ։

Ես լավ գիտեմ, թե ինչքան դժվար է շուկա գտնել և մնալ այդ շուկաներում։ Դրա համար տարիների դժվար ու համառ աշխատանք է պահանջվում։ Բայց շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում»։

Կիսվել