Կա հասարակության մյուս հատվածը, որի նպատակը ոչ թե իր ընտանիքի բարեկեցությունն է, այլ բարեկեցիկ հարևանի նկատմամբ ատելությունը

Աննա Անտոնյան Հունիս 09, 2021

Այն քաղաքական ուժը, որը ԼԱՎ կյանք է խոստանում և ԼԱՎ ապագա քաղաքացուն ի սկզբանե ԽԱԲՈՒՄ Է: Իշխանությունը չի կարող բոլորին ապահովել բարեկեցիկ կյանքով, առավել ևս այնքան գումարով, որպեսզի մարդը կարողանա և սնվել, և հագնվել, և կրթվել, և հանգստանալ, և բուժվել, և զվարճանալ, և կոմունալ ծախսեր հոգալ, և, և, և... Իշխանությունը կարող է և պետք է ստեղծի այն անհրաժեշտ պայմանները, որոնց պարագայում յուրաքանչյուր քաղաքացի ինքն իր համար բարիք կստեղծի: Իսկ իշխանության ամենամեծ առաքելությունն այն է, որ մարդկանց գործունեության ապահովի պայմաններ, որից կարևորագույնը անվտանգությունն է՝ պետության սահմանների անվտանգությունը, հանցավորության դեմ պայքարը և ներքին անվտանգությունը, էներգետիկ անվտանգությունը, պարենային անվտսնգությունը և այլն: Մնացածը բլեֆ է: 

Իսկ մարդիկ բաժանված են երկու մասի: Նրանք,  որոնք նպատակասլաց են, աշխատասեր են և ողջ կյանքում ձգտում են բարեկեցիկ կյանքի: Այս մարդիկ չեն սպասում որևի մեկի դրամական օգնությանը, այդ թվում՝ ընտրակաշառքի, չեն աստվածացնում հարուստ «բարեգործներին», բայց նաև չեն նախանձում լավ ապրողներին, չեն ուզում, որ նրանք վատ ապրեն գնդակահարվեն կամ կախվեն: Պարզապես ուզում են, որ իրենք և իրենց մտերիմներն էլ լավ ապրեն:

Եվ կա հասարակության մյուս հատվածը, որի նպատակը ոչ թե իր ընտանիքի բարեկեցությունն է, այլ բարեկեցիկ հարևանի նկատմամբ ատելությունը: Ինչպես կասեր ԺՊ-ն, աղքատությունը այդ մարդկանց ուղեղում է, և նրանք երբեք լավ չեն ապրելու, որովհետև նրանք այդպիսի նպատակ չունեն էլ: Նրանց միակ նպատակը բոլորի վատ ապրելն է: 

Եվ հիմա ամենակարևորը. նրանք մեղավոր չեն, որ այդպիսին են, մեղավոր են բոլոր նրանք, ովքեր վերջիններիս կրթելու փոխարեն, նրանց դարձրել են պարազիտ:

Կարեն Քոչարյան 

Կիսվել