Ադրբեջանցի զինծառայողը երեք երեխաների ներկայությամբ կրակել է 38-ամյա կնոջ ոտքին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 01, 2026

Այսօր Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։ Պարզվել է, որ կրակոցն արձակել է ադրբեջանցի զինծառայողը։ Նա ձերբակալվել է։ Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։

ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իսկ մինչ պաշտոնական մարմինները պարզում են՝ ինչ է տեղի ունեցել, Շաքիում դեպքի մասին արդեն պատմում են ականատեսներն ու գյուղի բնակիչները։

Շաքիի գյուղապետ Ռուբեն Մանուչարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ տուժածը տեղացի 38-ամյա կին է, և դեպքը տեղի է ունեցել նրա երեք երեխաների ներկայությամբ։

Գյուղի մեկ այլ բնակչի պատմելով՝ կինը երեխաների հետ դպրոցից հետո վերադարձել է տուն, այնտեղ տեսել զինծառայողին, աղմուկ բարձրացրել, ինչից հետո վերջինս կրակել է կնոջ ուղղությամբ։ Նույն բնակչի պնդմամբ՝ կինը կարողացել է դիմադրել, դանակով հարվածել զինծառայողին, որից հետո նա փախել ու թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հայտնաբերվել է։ Այս դրվագների ամբողջական պատկերը դեռ պետք է պարզվի քննությամբ։ Հաստատված է, որ կինը ոտքի շրջանում հրազենային վիրավորում է ստացել։

Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրենը հայտնել է, որ կնոջ վիճակը կայուն է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, և նա ստանում է համապատասխան բուժօգնություն։

Իսկ Շաքիում այժմ քննիչներն ու իրավապահները պետք է պարզեն նաև՝ որտեղ և ինչպես է ադրբեջանցի զինծառայողը հատել սահմանը, սեպտեմբերի 29-ից մինչև ձերբակալվելն ուր է գտնվել և ինչ հանգամանքներում է հասել բնակավայր։

Դեպքի առնչությամբ քրեական վարույթը շարունակվում է։

Կիսվել