2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով՝ ներկայիս 46,000 դրամից դառնալով 47,000 դրամ, կառավարության նիստից հետո հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Աշխատանքային ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացում տեղի կունենա։ Կբարձրանա նաեւ զինվորական կենսաթոշակ ստացող քաղաքացիների կենսաթոշակը։ Բարձրացման համար մոտավորապես կծախսենք 5,5 մլրդ դրամ»,- ասել է նախարարը։
Նախարարի փոխանցմամբ՝ կենսաթոշակների և նպաստների բարձրացումն իրականացվելու է «թաղման նպաստի» համակարգի վերանայման հաշվին։
«Որոշել ենք այդ գումարներն ուղղել մեր կենսաթոշակառուներին, իհարկե, պահպանելով որոշակի խմբի համար, որոնք ավելի մեծ կարիք կունենան։ Խոսքն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիներին է վերաբերում»,- նշել է նա։