Հայաստանը 36 ընկերությամբ ներկայացել է SIAL Paris 2026 միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 20, 2026

Հոկտեմբերի 19-ին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանն այցելել է սննդամթերքի և սննդարդյունաբերության ոլորտի միջազգային հեղինակավոր ցուցահանդեսի՝ SIAL Paris 2026-ի (Salon International de l’Alimentation) հայկական տաղավարներ, հայտնում են դեսպանությունից։

Այցի շրջանակում դեսպանը հանդիպել է հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչների հետ, ծանոթացել նրանց արտադրանքին և քննարկել հայկական ագրոպարենային արտադրանքի արտահանման ընդլայնման, ֆրանսիական և եվրոպական շուկաներում դրա ներկայության ամրապնդման, ինչպես նաև հայաստանյան և ֆրանսիական գործարար շրջանակների միջև նոր գործընկերությունների ձևավորման հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Միջազգային առևտրի կենտրոնի (ITC) աջակցությամբ կազմակերպված երեք հայկական տաղավարներում ներկայացված էին 36 հայաստանյան ընկերություններ, որոնք գործում են հրուշակեղենի, չրերի, թեյի և սուրճի, հյութերի և պահածոների, մեղրի, շոկոլադի, ձկնամթերքի, ինչպես նաև գինու և կոնյակի արտադրության ոլորտներում։

«SIAL Paris-ի մասնակցությունը հայաստանյան արտադրողներին հնարավորություն է ընձեռում իրենց արտադրանքը ներկայացնել միջազգային գնորդներին և ներմուծողներին, հաստատել նոր գործարար կապեր, ընդլայնել արտահանման աշխարհագրությունը և բարձրացնել հայկական արտադրանքի ճանաչելիությունը միջազգային շուկաներում։

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը երկու երկրների ռազմավարական գործընկերության կարևոր ուղղություններից է։ Այս համատեքստում միջազգային ցուցահանդեսներին հայաստանյան ընկերությունների մասնակցությունը նպաստում է արտահանման հնարավորությունների ընդլայնմանը, շուկաների դիվերսիֆիկացմանը և երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

Կիսվել