Հայաստանից Ռուսաստան ծիրանի արտահանման սահմանափակումների ֆոնին, Մոսկվայում հուլիսի 5-ին անցկացվել է արդեն ավանդույթ դարձած հայկական «Ծիրան» փառատոնը:
Միջոցառումը կազմակերպում է Ռուսաստանի հայերի միությունը` ՌԴ նախագահին առընթեր միջազգայնական հարաբերությունների խորհրդի եւ Մոսկվայի կառավարության (Ազգային քաղաքականության եւ միջտարածաշրջանային կապերի վարչության) աջակցությամբ։
Թեմայի շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ։
Լրագրողի հարցին, թե իսկապես
«Ծիրան» փառատոնի համար հայկական ծիրան է օգտագործվել և ի՞նչ ճանապարհով է Ռուսաստան արտահանվել, քանի որ արգելված է մուտքը, Վարդանյանը պատասխանել է`
«Ծիրան» փառատոնը տարիներ շարունակ անցկացնում ենք, որին մասնակցում են հազարավոր հայեր։ Փառատոնի շրջանակում երգ, պար, մշակութային միջոցառումներ են տեղի ունենում, իսկ ծիրանը հյուրասիրում ենք բոլոր մասնակիցներին։
Ինչ վերաբերում է արտահանմանը, երբ Արցախի ճանապարհները փակ էին, մենք այդ ժամանակ էլ Արա Աբրահամյանի գլխավորությամբ կարողացանք մեծ օգնություն հասցնել Արցախ։ Այսինքն, նույն մեխանիզմով, միջոցառման հետ կապված, այլ ճանապարհներով հայկական ծիրանը տեղ է հասել, որպեսզի մեր հայրենակիցներին հյուրասիրենք»։
Հնչել էին կարծիքներ, որ ծիրանը հայկական չի եղել։ Արտյոմ Վարդանյանը հերքել է դա և նշել,
որ կարծիքները տարբեր են, յուրաքանչյուր մարդ ունի իր հնարավորությունը եւ իր հնարավորությունների շրջանակներում իրականացնում է իր ցանկությունները։ Իսկ ճանապարհները, ինչպես նաեւ մեխանիզմներն ու հնարավորությունները, տարբեր են։ Այս առումով իրենք որեւէ խնդիր չեն ունեցել։
Ծիրան այնքան է եղել, որ կարողացել են հյուրասիրել միջոցառման բազմահազարանոց մասնակիցներին։ Խոսքը տոննաների մասին է, եւ դա իրականացրել են մեկանգամյա ներկրումով։
Հարցին, թե` հակասություն չե՞ք տեսնում՝ Մոսկվայում «Ծիրան» փառատոն է անցկացվում, երբ Հայաստանի ծիրանի արտահանումը դեպի Ռուսաստան արգելված է, Մոսկվայի եւ մերձմոսկովյան հայ համայնքների ղեկավարը պատասխանել է`«Բացարձակ, եթե միջկառավարական խնդիրներ կան, դա չի նշանակում, որ մենք մեր մշակութային ծրագրերը չպետք է իրականացնենք։ Այդ ծրագրերը տարիներ շարունակ իրականացվել են, եւ դա մեր ինքնությունն է»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միությունը հասարակական կազմակերպություն է։ Մարդասիրությունից ելնելով, կազմակերպությունը՝ ղեկավար Արա Աբրահամյանի գլխավորությամբ, տարիներ շարունակ բազմաթիվ հարցեր է կարգավորում և լուծում: