Գյուղաբնակ տղաների մեծ մասը, չունենալով ինքնազարգացման, մասնագիտություն ստանալու, աշխատանք գտնելու ոչ մի հնարավորություն, մեկնում է արտագնա աշխատանքի

Աննա Անտոնյան Հունվար 29, 2022

Մեր երկրում կրթական բարեփոխումների տրամաբանությունն այն է, որ երեխաները դպրոցում լավ կրթություն ստանան, այնուհետև բուհում մասնագիտանան և դառնան մեր երկրի համար պիտանի մասնագետներ։ Մի կողմ թողնենք այն, թե ինչպես է սա իրագործվում․․․․․ 

Իսկ ի՞նչ է արվում այն երեխաների (հատկապես տղաների) համար, որոնք հիմնական դպրոցից հետո չեն ուզում կրթությունը շարունակել կամ լավագույն դեպքում ավարտում են 12-րդ դասարանը․․․․

Գաղտնիք չէ՝ կան տղաներ, որոնք առանձնապես հակում չունեն ուսման նկատմամբ, դպրոցն էլ նրանց համար 12 տարի անազատությունից զրկվելու միջավայր է, սակայն ունեն հմուտ ձեռքեր, բնատուր ձիրք այս կամ այն գործը լավ անելու․․․․ 

Ունենում ենք մի իրավիճակ, երբ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո տղաները զորակոչվում են, երկու տարի անց վերադառնում արդեն հասուն տղամարդ դարձած և չունեն ո՛չ մասնագիտություն, ո՛չ հմտություններ և հաճախ՝ նաև ցանկություն ինչ-որ բան սովորելու․․․

Մի փոքր մասն է ձգտում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու, իսկ գերակշիռ մասը ձգում է աշխատանք գտնել, քանի որ ընտանիքի կարիքները հոգալու խնդիր կա․․․ Գյուղաբնակ տղաների մեծ մասը, չունենալով ինքնազարգացման, մասնագիտություն ստանալու, աշխատանք գտնելու ոչ մի հնարավորություն, մեկնում է արտագնա աշխատանքի։ Իսկ դրա ցավալի հետևանքները բոլորս գիտենք․․․․ ????

Կարծում եմ՝ այս հարցի լավագույն լուծումն այն կլինի, որ դպրոցներում բացվեն արհեստագործական, միջին մասնագիտական խմբակներ, կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացներ։

 Օրինակ՝ փայտագործություն, դարբնություն, ոսկերչություն, դիզայն, շինարարություն, խոհարարություն, գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն, ծրագրավորում և այլն։ Այսինքն՝ մասնագիտություններ, որոնց տիրապետելով՝ հնարավոր է աշխատանք գտնել նաև իրենց բնակության վայրում։  

Այլապես ունենք մի ցավալի իրողություն, որ մեր տղաների զգալի մասը չունի որևէ մասնագիտական հմտություն։ Դպրոցի տարիներին պարտադրաբար սովորում է տասնյակ առարկաներ, որոնցից և ոչ մեկը որևէ կերպ չի նպաստում նրա կայացմանը, ապագայի կերտմանը և բախվում է այն խնդրին, որ ստիպված է լինում տարերայնորեն գտնել աշխատանք․․․․

Անշուշտ, գիտակցում եմ, որ վերոնշյալ առաջարկը հեշտ իրագործելի չէ, բայց այս ձևով շարունակելու դեպքում մենք ուշադրությունից դուրս ենք թողնում մեր հասարակության համար պիտանի աշխատուժի մի զգալի մասին և նպատակային չենք օգտագործում մեր ռեսուրսները․․․․

Արսեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից 

Կիսվել