Բժշկի հոգատարությունը հիվանդի հանդեպ ամենաօգտակար ու ամենաթանկարժեք դեղամիջոցն է

Աննա Անտոնյան Հուլիս 23, 2021

Բժշկի հոգատարությունը հիվանդի հանդեպ ամենաօգտակար ու ամենաթանկարժեք դեղամիջոցն է:

Մայրիկիս ոտքը վիրահատելու՝ էնդոպրոթեզավորման անհրաժեշտություն կար: Մոտ 10 օր առաջ վիրահատությունը կատարվեց Հերացու թիվ 1 հիվանդանոցում` անվճար, քանի որ ունի հաշմանդամության կարգ:

Դեռ սովետական ժամանակներից հիշում եմ բժիշկների կոպիտ ու մեծամիտ մոտեցումը հասարակ մահկանացուներիս նկատմամբ, որը, ցավոք, շատ բժիշկների մոտ պահպանվել է մինչ օրս, անկախ նրանից, թե որքան պետ.մուծում ու նաև «մաղարիչ» ենք տալիս:

Վիրահատությունը կատարեց հիվանդանոցի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմեն Բդոյանը: Անհնարին է չանդրադառնալ նրա Մարդ տեսակին: Մեկ շաբաթվա մեջ օրական 7-8 անգամ մտնում էր մեր հիվանդասենյակ: Հետվիրահատական վիճակն իմանալուց բացի, նստում էր զրուցում, կատակում, երբ օրական 3-4 ծանր վիրահատություն էր կատարում: Մենք չզգացինք, որ շփվում ենք պետ.պատվերով վիրահատող բժշկի հետ, թվում էր՝ մեր հարազատն է: 

Ա. Բդոյանը պատերազմի օրերին գտնվել է Արցախում. բազմաթիվ վիրահատություններ արել, կյանքեր փրկել... Մի տեղ ասել է. «Երբ հիվանդը սկսում է քայլել, դա երջանկություն է ինձ համար»:  Պատերազմից հետո, պատերազմում տարած պայքարի համար Արմեն Բդոյանը ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի, նրան շնորհվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշան: 

Այնքան դժվար է շնորհակալանքի խոսքեր գտնել, երբ իսկապես ասելիք ունես: Սևակն ասում է «Եթե փրկել՝ այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի»:

Շնորհակալ եմ Արմեն Բդոյանի ղեկավարությամբ՝ բաժանմունքի ողջ անձնակազմին, որոնց փոխանցվել է բժշկի բարեխիղճ, ուշադիր վերաբերմունքը յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ:

Աննա Մնոյան 

Կիսվել