Մենք մարդուն պետք է փրկենք, որ չվերանա, որովհետեւ անտարբերությունը անժամանակ մահ է..

Աննա Անտոնյան Օգոստոս 08, 2021

Մեր օրերում ,երբ սոցիալական խնդիրները ճահճի նման կլանել են կարևոր շատ արժեքներ , դժվար է դառնում պապհպանող միջոցառումներ ձեռնարկելը։ Վտանգված արժեքների և գրականության մասին զրուցել ենք գրող, հրապարակախոս, լրագրող Արթուր Հայրապետյանի հետ։

֊Գրականության թևերը թվում է քաղաքական մթնոլորտում կռնատվում են , այսօր մարդիկ գիրք կարդում ե՞ն...

֊Չեմ կարող ասել, կարդում են, թե ոչ, ես իմ օրինակով կարող եմ ասել։ Ես հիմա ոչ կարդում եմ, ոչ էլ գրում եմ։ Ու մեկ-մեկ ինքս ինձ նախատում, կռվում Աստծո հետ, որովհետեւ երբեք չեմ եղել այսօրվա պես դատարկ ու այսօրվա պես լքված։ Լցվել ա պետք։ Խաղաղ չեմ ինքս ինձ հետ։ Եսիմ... բայց մի բան քեզ ասե՞մ` գրականության մթնոլորտը խիստ ծանծաղ է, իսկ նոր անկախ շրջանից այս կողմ մենք մնայուն գրականություն չենք ստեղծել։ Որովհետեւ մեզ մոտ քաղաքական դեպքերն ու դեմքերը, մեր սոցիալական ծանր պահերը,  մարդկանց նեղության մեջ պահելը խիստ ազդեց մարդկանց վրա։ Չհաշված հասարակությանը տգետ պահելը։ Ու եթե կնկատես ջանք էլ չի գործադրվում, որ կրթությամբ առաջ գնանք։ Թեեւ միշտ ասում ենք, որ մեզ կրթությունը կփրկի։

 

Մի պահ լռում է, հետո ծանր հոգոց հանելով շարունակում. 

֊Ես ինքս ինձ հետ հաշտ չեմ.... 


֊Որտե՞ղ եք տեսնում հաշտության եզրը։


-Շուրջս.. հիմա մթնոլորտը չափազանց լարված է, որովհետեւ մենք մեր վաղը չգիտենք, չգիտենք մենք վաղը որտեղ կարթնանանք։


֊Ասում եք կրթությունը կփրկի  ։ Հասկանալի է երկար գործընթացի մասին է խոսքը , եթե Դուք մտավորականներդ եք ուզում լռել , ովքե՞ր են կրթելու հասարակությանը ։


֊Մտավորականին հնարավորինս ոտնատակ տվեցին։ Ծաղրեցին, նվաստացրեցին, ո՞վ է հաշվի առնում մտավորականին, երբ բառն ինքնին ծաղր է առաջացնում։ Մենք վերջին շրջանում մեր արժեքների հերն անիծեցինք։ Իհարկե մտավորականների մեղքն էլ կա այստեղ, որովհետեւ ոչ միշտ են պետք եղած պահին, հատկապես երկրի ծայրագույն խնդիրների, վտնագի` խոսել, բայց եկավ հասավ այն պահը, որ այլեւս խոսես, թե չխոսես միեւնույն է, ինչպես ուզեն խոսքդ կայլայլեն ու հնարավոր բոլոր միջոցներով կփչացնեն։ Թեեւ մի բան էլ ասեմ։ Կա մտավորականի մի տեսակ, որ միշտ հարմարվել է։ Դա էլ նորմալ է, որովհետեւ ինչպես մարդկանց մեջ, այնպես էլ մտավորականների եւ ըմբոստ տեսակը կա, եւ հարմարվող, եւ.. եւ.. ես շարունակում եմ խոսել, որովհետեւ լռող տեսակ չեմ։ Ու եթե իմ խոսքից հետո մեկը կլինի, որ դարձի կգա, ուրեմն մեծ ձեռքբերում կլինի։ Հիմա անտարբերությունը շատացել է։ Մենք մարդուն պետք է փրկենք, որ չվերանա, որովհետեւ անտարբերությունը անժամանակ մահ է..


֊Վաղվա Ձեր օրվան ինչ կմաղթեք ...


֊Խաղաղություն եմ ուզում։  Առանց մարդկային կորուստների` անփորձանք գիշերներ ու այգաբացեր։ Եվ որ ամենակարեւորն է չարից ազատվենք, որովհետեւ մեր գլխին ճոճվող պարաններ են պտտվում` տեսանելի-անտեսանելի։


Զրուցեց` Արմինե Մելքոնյանը

Կիսվել