Հոկտեմբերի 8-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Իտալիայի Միլան քաղաքի ծխական համայնքի կաթոլիկ ուխտավորներին, հայտնում են Մայր Աթոռից։
Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել ներկաներին՝ անդրադառնալով Հայոց Եկեղեցու առաքելությանը և հայ ժողովրդի ազգային ինքնության ու մշակույթի կերտման և պահպանման գործում քրիստոնեական հավատքի դերակատարությանը։
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է այսօրինակ այցելությունները փոխճանաչողության խորացման և քրիստոնեական համայնքների միջև կապերի ամրապնդման գործում։ Հայոց Հայրապետը գոհունակությամբ է անդրադարձել նաև Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա ջերմ եղբայրական հարաբերություններին։
Վերջում Վեհափառ Հայրապետը ներկաներին մաղթել է օրհնաբեր ուխտագնացություն դեպի հայոց սրբավայրեր՝ վստահություն հայտնելով, որ այն հոգևոր ներշնչման և հավատքի զորացման բարեբեր առիթ կդառնա նրանց համար։