Զոհվածների ծնողներին շփոթել են մեղադրյալների հետ. փաստաբանն արձագանքելն է ՔԿ-ի հայտարարությանը

Աննա Անտոնյան Ապրիլ 14, 2023

ՀՀ քննչական կոմիտեն 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին շփոթում է մեղադրյալների հետ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, Քննչական կոմիտեից դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով ՔԿ հայտարարությանը։

Նշենք, որ ՔԿ-ն այսօր հայտարարություն էր տարաել՝ նշելով, որ զոհվածների հարազատների հետ, որոնք գործով տուժողներ են, հանդիպումների ժամանակ նրանք ներկայացնում են կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ, որ վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել  էմոցիոնալ, վիրավորական արտահայտություններ, որ ծնողները հրաժարվում են առերեսումներին մասնակցել, և նրանց պահանջները հակաօրինական են։

Այս առնչությամբ փաստաբանն ասաց, որ եթե ՔԿ–ի դիրքորոշումը դա էր, ապա ինչու այն չտարածվեց երեկ ժամը 15-ից հետո, որ ծնողներն էլ իրենց անելիքն իմանային ու գուցե, օրինակ, գիշերը ՔԿ–ի առջև չմնային։

«Իրականում քննչական կոմիտեի պարզաբանումը չպարզաբանում էր. ՔԿ–ն ասում է, որ ծնողները չեն համագործակցում իրենց հետ։ Կոչ եմ անում հենց հիմա հրապարակեն քրեական դատավարության այն նորմը, համաձայն որի` օրենսդրական պահանջ է ներկայացվում ծնողներին համագործակցել ՔԿ հետ։ Այդպիսի որևէ իրավական նորմ` համագործակցության պահանջ, գոյություն չունի, ծնողները համագործակցում են այնքան, որքան անհրաժեշտ են համարում»,–ասաց Հովհաննիսյանը։

Ինչ վերաբերում է ծնողների պահանջի «անօրինական լինելուն», ապա փաստաբանը կոչ արեց ՔԿ–ին թույլատրելիության սահմաններում հրապարակել առերես հարցաքննությունների ընթացքում ոստիկաններին տված հարցերի պատասխանները։ Հովհաննիսյանը պնդեց, որ միայն ոստիկանների ցուցմունքները բավարար են նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու համար։

«Ոստիկանների հետ երկրորդ-երրորդ առերեսումից հետո պարզ էր, որ դրանք տեխնիկական-մեխանիկական բնույթ են կրում, այսինքն` գործողությունների բազմակիությունը չի կարող հիմնավորել մեղադրանքը։ ՔԿ–ն համանման 3-4 առերեսում ունի, որը բավարար էր ոստիկաններին մեղադրանք ներկայացնելու համար. կոմիտեն հաշվի չի առնում, որ յուրաքանչյուր առերեսում ծնողի համար ծանր հույզեր են»,-ասաց փաստաբանը:

Հարցին, թե ինչնէ պատճառը, որ ՔԿ–ն այդպես էլ որևէ ոստիկանի մեղադրանք չի ներկայացնում, Հովհաննիսյանը պատասխանեց, որ պարզապես նման ցուցում չունեն։

Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկվանից ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք նաեւ փակել էին Մամիկոնյանց փողոցը: Ծնողները պահանջում են անհապաղ մեղադրանք առաջադրել այն 13 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:

Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները  բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։

Այսօր ՔԿ-ն պարզաբանում էր տարածել, որտեղ նշել էր, որ զոհվածների հարազատների հետ, որոնք գործով տուժողներ են, հանդիպումների ժամանակ նրանք ներկայացնում են կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ:

«Վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել  էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հասցեին, փաստացի խաթարել հանդիպման բնականոն ընթացքը, որի պատճառով այն չի ծառայել իր նպատակին։

Իրենց գործողություններով հանդիպման առանձին մասնակիցներ ակնհայտ են դարձրել շարունակաբար կրքեր բորբոքելու և իրավիճակը լարելու մղումները։

Նման իրողություններից խուսափելու նպատակով ակցիայի մասնակիցներին առաջարկվել է իրենց հարցադրումները ձևակերպել գրությամբ, որին ընթացք կտրվի ՀՀ ՔԿ գործավարական ընթացակարգերով և հնարավորինս սեղմ ժամկետներում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն։ Այս առաջարկը, սակայն, ակցիայի մասնակիցների կողմից մերժվել է»,-ասված է ՔԿ հաղորդագրությունում:

Կիսվել