Զելենսկին ժամանել է Վաշինգտոն

Աննա Անտոնյան Օգոստոս 18, 2025

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Վաշինգտոն, որտեղ նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հրադադարի հաստատման հարցով բանակցությունների շուրջ։

Ուկրաինայի առաջնորդը Վատիկան ժամանելու մասին գրել է տելեգրամյան իր ալիքում։

«Ես արդեն ժամանել եմ Վաշինգտոն։ Վաղը կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ, մենք կխոսենք եվրոպացի առաջնորդների հետ։ Ես շնորհակալ եմ ԱՄՆ նախագահին հրավերի համար։ Մենք բոլորս հավասարապես ցանկանում ենք արագ և հուսալիորեն ավարտել այս պատերազմը, և խաղաղությունը պետք է երկարատև լինի»,- նշել է նա։

Ինչպես հայտնել ենք, Ալյասկայում Թրամփի և Պուտինի բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ երկար, իմաստալից զրույց է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ, սկզբում՝ առանձին, ապա՝ եվրոպացի առաջնորդների մասնակցությամբ։

Զելենսկին հայտնել էր, որ օգոստոսի 18-ին կմեկնի Վաշինգտոն՝ Թրամփի հետ հանդիպման: Վաշինգտոն կուղևորվեն նաև եվրոպական երկրների առաջնորդները:  

Ալյասկայում կայացած գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել Կրեմլի առաջարկները՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու վերաբերյալ: 

Հաղորդվում է, որ Պուտինի պահանջները Ուկրաինայի նկատմամբ վերաբերում են տարածքներին, պատժամիջոցներին և ռուսաց լեզվին Ուկրաինայում:

Հիշեցնենք՝ Ալյասկայի Անքորիջ քաղաքի ռազմաօդային ուժերի Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում հանդիպել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը:  

Հանդիպումն անցել է «3+3» ձևաչափով, հիմնական թեման՝ Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունները: Հանդիպմանը ռուսական կողմից մասնակցել են ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԱՄՆ-ից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքոֆը:

Սա ռուս-ուկրաինական լայնածավալ և երկարատև պատերազմից ի վեր ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին հանդիպումն է եղել:

Կիսվել