Զախարովան հայտարարել է՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները դիտավորյալ փորձում են փչացնել

Աննա Անտոնյան Հուլիս 02, 2025

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները չափազանց կարևոր են, և նրանք, ովքեր ցանկանում են փչացնել դրանք, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում»:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ համոզված լինելով իր խոսքերի իսկության մեջ ու պնդելով, որ 2 երկրի հարաբերությունները փորձ է արվում դիտավորյալ փչացնել: 

«Շատերը կան, որոնք պարզապես ցանկանում են «տաքացնել ձեռքերը» դրանով, թող չայրվեն, որովհետև մեզ համար, կարծում եմ, երկու ազգերի համար էլ բարեկամական հարաբերությունները իսկապես չափազանց կարևոր են։ Եվ նրանք, ովքեր ցանկանում են փչացնել դրանք, պետք է լավ մտածեն, թե ինչ են անում», - ասել է Զախարովան։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության միջև հեռակա «բախումները» կապված են վերջին օրերին ՌԴ-ի հետ հարաբերությունների նոր լարվածության և սկանդալի ալիքի հետ:

Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ հունիսի 27-ին Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկել են Եկատերինբուրգում գտնվող ազգությամբ ադրբեջանցիների տները։ Գործողության արդյունքում հայտնի է, որ մահացել է երկու ադրբեջանցի եղբայրներ Զիյադդին և Հուսեյն Սաֆարովները։ Եվս մի քանի տասնյակ մարդ ձերբակալվել է։

Բոլոր անձինք այս կամ այն կերպ կապ ունեն 2001-ին տեղի ունեցած սպանության գործի հետ:

Կիսվել