Զատուլինը նշել է ՌԴ եւ ՀՀ միջեւ հարաբերությունները տարբեր մակարդակներում քննարկելու անհրաժեշտության մասին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 26, 2022

Ռուս-հայկական հարաբերություններում ծագող հարցերը «անշրջելի չեն», դրանց լուծմանն են ուղղված տարբեր մակարդակներում հանդիպումների եւ համաժողովների անցկացումը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, ում մուտքը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր,  Հայաստան արգելվել է։

Հայաստանում, ինչպես հայտնել է Զատուլինը, օրերս պետք է տեղի ունենա «Լազարեւյան ակումբի» նիստը՝ «Ռուս-հայկական հարաբերությունների պատմական անցյալն ու ներկան» թեմայով։ Նախօրեին քաղաքական գործիչն իմացել էր, որ իրեն հանրապետությունում անցանկալի անձ են ճանաչել։

Պատասխանելով երկկողմ հարաբերությունների զարգացման մասին հարցին՝ նա ասել է, որ այն, ինչ այսօր կատարվում է ռուս-հայկական հարաբերություններում, «անշրջելի» չի համարում։ Նրա խոսքով՝ շփումների զարգացմանն են ուղղված նաեւ երկու երկրների ներկայացուցիչների, ինչպես նաեւ պետությունների ղեկավարների հանդիպումները։

«Ինչպես գիտենք, սպասվում է նախագահ Պուտինի ու Ալիեւի հանդիպումը Փաշինյանի հետ։ Մեծ հույս ունեմ, ըստ էության հենց դրա համար էր ենթադրվում Ակումբի անցկացումը, որ նման քննարկումը, դրան ուշադրություն հրավիրելը, կսթափեցնի նրանց, ովքեր այսօր Հայաստանում՝ ոչ միայն կառավարությունը, այլ նաեւ նրան սատարող ուժերը․ նկատի ունեմ բլոգերներին, ովքեր Հայաստանում արեւմտյան դրամաշնորհներով են կերակրվում, ամերիկյան դեսպանատան հետ կապերով, արևմտյան երկրների դեսպանատներով, բոլորը խելքի կգան եւ ուղղակի ծանր ու թեթեւ կանեն՝ ինչը ինչի հետ են նրանք փոխում»,- ասել է Զատուլինը։

Կիսվել