Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Թրամփն ուրբաթ օրը կընդունի Փաշինյանին ու Ալիևին. Երևանը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել

Աննա Անտոնյան Օգոստոս 04, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են այս շաբաթավերջին Վաշինգտոնում հայտարարել խաղաղության իրենց մտադրության մասին»,- X-ում գրել է Պետդեպարտամենտում հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն:

Ադրբեջանական «Թուրան»-ի թղթակիցը պնդում է, թե տեղեկությունը մի քանի աղբյուր է հաստատել, դրանց համաձայն սպասվում է նաև, որ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն ուրբաթ օրը Սպիտակ տանը կընդունի Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին:

Այս տեղեկությունները Հայաստանի կառավարությունը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել է՝ չնայած մոտ 7 ժամ է անցել:

Մինչև այս պահը հնարավոր չի եղել վարչապետի գրասենյակից ճշտել՝ արդյոք Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն իրո՞ք մեկնելու են ԱՄՆ, ի՞նչ հայտարարություն են պատրաստվում անել:

Ադրբեջանցի լրագրողը չի հստակեցրել՝ Վաշինգտոնում սպասվո՞ւմ է որևէ փաստաթղթի ստորագրում կամ նախաստորագրում:

Փաշինյանն իր վերջին ասուլիսում հաստատել է՝ բանակցային սեղանին է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնեցված փաստաթուղթը նախաստորագրելու գաղափարը: Թե դա ի՞նչ է ենթադրում, չէր մանրամասնել: Երբ բուն պայմանագրի բոլոր կետերը դեռ մարտի կեսից համաձայնեցված, պատրաստ են, ինչո՞ւ պայմանագրի ստորագրման հարցը սահուն նախաստորագրման վերածվեց: Արդյոք նախաստորագրվող փաստաթղթում ադրբեջանական նախապայմաններին կլինի՞ անդրադարձ:

Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար Բաքուն երկու նախապայման ունի՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն, ղարաբաղյան հարցի կարգավորման համար ստեղծված Մինսկի խմբի լուծարում: Ղարաբաղյան հարցի կարգավորման համար ստեղծված միջնորդական ձևաչափի լուծարմանը Երևանը դեմ չէ՝ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ: Ինչ վերաբերում է մայր օրենքին, թեև հայաստանցի պաշտոնյաները պնդում են՝ նոր Սահմանադրության նախագիծը մշակվում է ոչ Բաքվի պահանջով, բայց նույն վարչապետն այն կարծիքին է, որ Բաքվի անհանգստությունների առարկա Անկախության հռչակագրին հղում նոր տեքստում չպետք է լինի:

Կիսվել