Ասեկոսեներ են, ավելորդ խոսակցություններ են, լուրջ մի ընդունեք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լուրերին առ այն, հնարավոր է կոալիցիա կազմեն իշխող կուսակցության հետ։
Անդրադառնալով իր որդու հարսանեկան արարողության վերաբերյալ քննարկումներին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Ծառուկյանը պատրաստ է ցանկացածի պատասխանը տալ՝ անկախ ամեն ինչից»,- ասաց նա և հավելեց. «Ես մինչ այսօր չեմ ասել, բայց ուզում եմ ասել. երբ պատերազմը սկսեց, Ծառուկյանը բերդում էր, ես 3 միլիոն դոլար ուղարկել եմ Արցախ մեր բանակին՝ մեր հզորության համար, այդ մասին լուրեր տարածողները կամ դրանց տերերը չեն խոսում»,–ասաց նա և նշեց, որ գիտի, թե ովքեր են այդ տերերը և որ նրանք հարսանիքի էլ են մասնակցում։
Ինչ վերաբերում է հարսանիքի ճոխությանը, Ծառուկյանն ասաց․«Դա ես պետք է ճոխ անեմ, դու՝ մի քիչ անես, հո դու իմ պես չես կարող, ամեն մարդ իր հնարավորությունների սահմանում»։ Նա նշեց, որ երեխաներն են որոշել իրենց հարսանիքը կազմակերպել: Ըստ նրա՝ իր որդու հարսանիքի մասին լուրեր տարածողները ուզում են դիվիդենտեր շահել։
Անդրադառնալով սպասվող արտահերթ ընտրություններին՝ նա նախ ասաց, որ պետք է պայքարեն ժողովրդին սևերի ու սպիտակների բաժանման դեմ, սաստեն, որ նման բաներ թույլ չտան։ «Ազգը մեկն է, ժողովուրդը մեկն է, չի կարելի սևերի ու սպիտակների բաժանել»,–ասաց նա և հավելեց, որ գնում է հաղթելու:
Գագիկ Ծառուկյանը կարևորեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը և նշեց, որ Թուրքիան մեր թշնամին է։