Երևանի նոր ավտոբուսները գիծ դուրս կգան 1 ամսից. Ավինյանը ներողություն խնդրեց երևանցիներից

Աննա Անտոնյան Մարտ 16, 2023

ՀՀ կառավարությունը մաքսային արտոնություն տրամադրեց «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ–ին` նոր ներկրված ավտոբուսները առանց մաքսատուրքի մաքսազերծելու համար։
«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը կամ նյութերը Հայաստան կներմուծվեն առանց մաքսազերծման։
Արտոնություն տրամադրելու որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության նիստում` հիմք ընդունելով «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ՓԲԸ–ից ստացված հայտը։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը որոշման նախագծի ներկայացման ժամանակ նշեց, որ մաքսային արտոնության տրամադրման արդյունքում Երևանի ավտոպարկը կթարմացվի, կկրճատվեն նաև խցանումները, որոնց առաջացման պատճառերից մեկն էլ, ըստ նախարարի, անսարք ավտոբուսներն են։
«Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներկրել 150 «Zhongtong bus LCK6860HGN» մակնիշի «Euro 5» բնապահպանական ստանդարտի միջին դասի ավտոբուսներ, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 9 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը` միաժամանակ ուղևորափոխադրումների ծավալն ավելացնելով շուրջ 40 մլն ուղևորով: Իսկ Euro 5 շարժիչների առկայությունը կնպաստի բնապահպանական միջավայրի բարելավմանը` ունենալով վնասակար նյութերի արտանետման ավելի ցածր մակարդակ»,– հայտնեց Քերոբյանը։
Ծրագրի արդյունքում նախատեսվում է ներկրել 6․6 մլրդ դրամի ավտոբուսներ ու դրանց պահեստամասեր։ Նախատեսվում է ստեղծել նաև 492 նոր աշխատատեղ՝ 317 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ ինչպես չինական արտադրության 150 «Zhongtong», այնպես էլ եվրոպական արտադրության 87 «MAN»ավտոբուսներն արդեն ներկրվել են Հայաստան, արդեն Երևանում են։ Բոլոր ավտոբուսներն ապահովված են վարորդերով, որոնք սպասում են մաքսազերծման գործընթացի ավարտին` երթուղի դուրս գալու համար։
«Մոտավորապես 20 օրից 1 ամսվա ընթացքում դա տեղի կունենա, քանի որ մենք ունենք այս որոշումն ընդլայնելու կարիք։ Ընդլայնելուց հետո այս որոշումը կտարածվի նաև MAN ավտոբուսների վրա»,– ասաց Ավինյանը։
Փոխքաղաքապետը հիշեցրեց, որ նախապես խոստացել էին «MAN»ավտոբուսները երթուղի դուրս բերել մարտի 1-ից, սակայն ծրագրի ժամկետները երկարացվել են, ինչի համար հայցեց երևանցիների ներողամտությունը։
Անդրադառնալով խցանումներին` Ավինյանը նշեց, որ նոր երթուղային ցանցը համադրվելու է Երևանի մետրոյի աշխատանքի հետ, ինչը թույլ է տալու էականորեն մեղմել երթևեկության հետ կապված խնդիրները։
Այս տարվա ընթացքում ներդրվելու է նաև միասնական տոմսային համակարգ` ավտոբուսներում ու մետրոյում։
Նախատեսվում է նաև տարվա ընթացքում քաղաքում ունենալ ավտոբուսների երթևեկության առանձնացված գծեր։ Կանգառներում և առցանց համակարգում գործելու է հավելված, որի միջոցով ուղևորները կկարողանան հետևել ավտոբուսների երթուղուն ու տեղեկանալ դրանց ժամանման ժամանակի մասին։ Այս նորամուծությունը, ըստ Ավինյանի, կգործի ամենայն հավանականությամբ` հաջորդ տարվանից։

Կիսվել