Խաղաղության համաձայնագիրը թույլ կտա ավելի լիարժեք անցկացնել ԱՊՀ-ի նիստերը Հայաստանում և Ադրբեջանում. Լեբեդև

Աննա Անտոնյան Օգոստոս 19, 2025

ԱՊՀ-ն հույս ունի, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը հիմք կծառայեն խաղաղության համաձայնագրի համար: 

Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:

«Ինչպես ժամանակին մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհունակությամբ ընդունեցինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը, այնպես էլ այժմ կարծում ենք, որ սա Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունների վերջնական կարգավորման և խաղաղության պայմանագրի հասնելու ճանապարհի փուլերից մեկն է»,- ասել է Լեբեդևը։

Նա հավելել է, որ խաղաղության համաձայնագիրը թույլ կտա ավելի լիարժեք անցկացնել ԱՊՀ-ի բարձրագույն մարմինների նիստերը Հայաստանի և Ադրբեջանի տարածքում: Վերջինս հույս է հայտնել, որ այսուհետև Հայաստանն ու Ադրբեջանը ավելի ակտիվ կմասնակցեն ԱՊՀ գործունեությանը:

Կիսվել