ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Ռուսաստան։ Պեսկովը, սակայն, հրաժարվել է պատասխանել հարցին՝ արդյո՞ք նախատեսված է նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ։ «Եթե լինի, կհայտնենք», - ասել է նա։ Պեսկովը նաեւ հայտնել է, որ Պուտինն այսօր նախատեսում է Ռուսաստանի ռազմածովային նավատորմի զարգացմանը նվիրված «չափազանց կարեւոր» խորհրդակցություն անցկացնել։ Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին առաջինը հայտնել էր Axios պարբերականը։ Այն գրել էր, որ Թրամփը դժգոհ է Ուկրաինայում խաղաղության բանակցությունների առաջընթացի բացակայությունից եւ վերջերս ասել է, որ Մոսկվայի դիրքորոշումն իրեն կատաղեցնում է։ «Եթե մինչեւ այս ամսվա վերջ հրադադարի համաձայնագիրը չլինի, Թրամփը կարող է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանի կամ նախագահական հրամանագրի միջոցով, կամ դիմի Կոնգրեսին՝ նոր պատժամիջոցների օրենքներ ընդունելու խնդրանքով», - իր անանուն աղբյուրները չվկայակոչելով գրել է Axios-ը։