Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնղուլաշվիլի հետ։ Կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցության հարցեր և ապագա հնարավորությունները, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։ Քննարկումն անդրադարձել է ջրային ռեսուրսների կայուն կառավարման, գինեգործության, ագրոտուրիզմի և ջրային մշակության ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակման կարևորությանը։ Հայաստանի դեսպանը շնորհավորել է Դավիթ Սոնղուլաշվիլիին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ Աշոտ Սմբատյանի խոսքով, Վրաստանը Հայաստանի բարեկամ երկիրն է, և, համապատասխանաբար, բազմակողմ արդյունավետ համագործակցության մշտական պատրաստակամություն կա։