«Մենք վաղուց արդեն հռչակել ենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, և կան գնահատականներ, որ աշխարհաքաղաքական այս թեժ շրջանում մեզ հաջողվում է հավասարակշռությունը պահպանել»:
Այս մասին «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով, որ ռազմավարական գործընկերություն կա Միացյալ Նահանգների հետ:
«Ռազմավարական երկխոսություն ունենք և արդեն փորձում ենք բարձրացնել գործընկերության մակարդակը Միացյալ Թագավորության հետ, մի շարք ԵՄ անդամների հետ, էականորեն խորացնում ենք մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ, գործընկերություն ունենք Ռուսաստանի Դաշնության հետ:
Բազմիցս ասել ենք, թե ինչպիսի մեծ կարևորություն ենք հաղորդում մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին. չորս հարևանից Վրաստանի և Իրանի հետ ունենք հիանալի հարաբերություններ, Ադրբեջանի և Թուրքիայի հետ փորձում ենք կարգավորել:
Ադրբեջանի հետ խաղաղությունը հաստատված է, փորձում ենք մնացած բաղադրիչներով աշխատել, Թուրքիայի հետ ունենք շատ ինտենսիվ երկխոսություն: Ես շատ մեծ լավատեսություն ունեմ այստեղ, որ կարող ենք աստիճանաբար շոշափելի արդյունքներ գրանցել: Թվարկելով՝ գնանք Կենտրոնական Ասիա, մինչև Չինաստան, որի հետ ռազմավարական գործընկերություն կրկին հռչակեցինք»,- մանրամասնել է Միրզոյանը: