Վրաստանը ողջունում է Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը. Կոբախիձե

Աննա Անտոնյան Հունվար 19, 2023

Թբիլիսին կողջունի Ռուսաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման հնարավորությունը, քանի որ դա կթեթեւացնի քաղաքացիների վիճակը, ասել է «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։

«2019թ. Ռուսաստանը որոշում ընդունեց միակողմանիորեն փակել թռիչքները։ Դա ինքնատիպ պատժամիջոց էր Վրաստանի դեմ, եւ այն վնաս հասցրեց Վրաստանի քաղաքացիներին։ Երբ խոսքը մեր քաղաքացիների վիճակը թեթեւացնելու մասին է, մենք ողջունում ենք նման ցանկացած որոշում»,- ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի տարածքում ապրում է մոտ մեկ միլիոն էթնիկ վրացի, ինչպես նաեւ Վրաստանի քաղաքացիություն ունեցող ադրբեջանցիներ, հայեր։

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ ուղիղ ավիահաղորդակցությունը Վրաստանի հետ շուտով կվերականգնվի։

Կիսվել