Որքա՞ն կտևի երկաթգծային ենթակառուցվածքների վերականգնումը ՀՀ-ում․ Գրիգորյանը ժամկետներ նշեց

Աննա Անտոնյան Մայիս 30, 2023

Երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ժամկետներ նշեց, թե մոտավորապես որքան է անհրաժեշտ Հայաստանում երկաթգծային ենթակառուցվածքները վերականգնելում համար։ Այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է միայն երկաթուղային ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ հարց բարձրացվում, և ոչ ավտոճանապարհների։
Գրիգորյանը շեշտեց՝ երկաթուղին ենթակառուցվածքային շատ ավելի ակնհայտ արդյունավետ լուծում կարող է լինել տարածաշրջանի համար։
«Այն հանգամանքը, որ մենք ուզում ենք լուծումներ, որոնք տարածաշրջանում Հայաստանի դերը որպես լոգիստիկ հանգույց կամրապնդեն և կավելացնեն, այդ տարբերակն այս պահին ամենահավանականն է թվում։ Եթե նայենք տարածաշրջանում երկաթգծային ենթակառուցվածքներին, պարզ է դառնում, որ առանձին հատվածների վերականգնմամբ տարածաշրջանային մակարդակով մենք ստանում ենք լուրջ լոգիստիկ լուծում։ Վերականգնումը, շատ նախնական հաշվարկներով, կարող է մոտ 2-3 տարի տևել»,- նշեց փոխվարչապետը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։
Եռակողմ նոր հայտարարության մեջ նշվում է, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ։
Ըստ այդ կետի` ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։ Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Տրանսպորտային այս կապը հսկում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։ Կողմերի համաձայնությամբ կառուցվելու է տրանսպորտային ուղի՝ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները իրար կապելու համար։

Կիսվել