Որոշ հարցերի շուրջ դիրքորոշումները հաջողվել է մոտեցնել․ Միրզոյանը՝ Բաքվի հետ բանակցությունների մասին

Աննա Անտոնյան Փետրվար 08, 2023

Հայաստանը չի չեղարկել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հետ հանդիպումը, այլ հետաձգել է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրիչ Ռադմանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Պատասխանելով այն հարցին, թե ինչ պատասխանեցին Բաքվում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին, նախարարը կրկնել է նախօրեին Բեռլինում ասվածը, որ բանակցությունները շարունակական գործընթաց են, կողմերը փոխանակվում են պատասխաններով, մեկնաբանություններով, առաջարկություններով: Զուգահեռաբար ընթանում են նախարարների հանդիպումները։ Նախարարը կրկին հնչեցրել է Երեւանի դիրքորոշումը, ըստ որի՝ Հայաստանը հնարավոր չի համարել մասնակցել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։ «Բայց, ինչպես արդեն ասացի, մենք, միեւնույն է, փոխանցել ենք առաջարկները։ Եվ ահա 10-15 օր առաջ պատասխան ստացանք Ադրբեջանից։ Ըստ էության, մենք քննարկումների փուլում ենք։ Ուզում եմ ասել, որ բանակցային գործընթացը մեծ հաշվով կանգ չի առել։ Այժմ մենք հանդես կգանք առաջարկությունների վերաբերյալ մեր մեկնաբանություններով»,-ասել է նա։ Առաջարկությունների եւ մեկնաբանությունների բովանդակությունը նախարարը չի բացահայտել՝ այս փուլում դա համարելով աննպատակահարմար։ Այնուամենայնիվ, նա հայտնել է, որ որոշ հարցերում դիրքորոշումները հաջողվել է մոտեցնել, իսկ մյուս հարցերում առաջընթաց չկա։ «Հայկական կողմը սկզբունքային հարցեր ունի, դրանց մասին հրապարակավ շատ է խոսվել»,-հիշեցրել է Միրզոյանը։

«Ինչ վերաբերում է հանդիպմանը, մենք այն ոչ թե չեղարկել ենք, այլ հետաձգել»,-նշել է նա։

Հարցին, թե հանդիպման վայրի ընտրությունն ունի արդյոք նշանակություն, նախարարը նշել է, որ հանդիպումները կարող են լինել Մոսկվայում կամ այլ վայրում: Նա հիշեցրել է, որ հանդիպումները տեղի են ունեցել տարբեր քաղաքներում։ Նրա խոսքով՝ տեղի ընտրությունը կարեւոր է, բայց գործընթացի վրա չափազանց կարեւոր ազդեցություն չունի։ Մենք պատրաստ ենք հանդիպել Մոսկվայում, եզրափակել է Միրզոյանը։ 

Կիսվել