Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ի կողմից «Նյուզ ԷյԷմ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հայցը

Աննա Անտոնյան Ապրիլ 11, 2023

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ն ընդդեմ «Նյուզ ԷյԷմ» ՍՊԸ-ի գործով առաջին ատյանի դատարանի վճիռը եւ փոփոխել այն՝ «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ի կողմից «Նյուզ ԷյԷմ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հայցը՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, ինչպես նաեւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին, ամբողջությամբ մերժել:

NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասաց. «Մեգա Թրեյդը» ՍՊԸ-ի կողմից հայց էր ներկայացվել NEWS.am-ի եւ մի շարք այլ լրատվամիջոցների դեմ, այն պատճառաբանությամբ, որ նշված լրատվամիջոցների կողմից հղում կատարելով «Դեժավյու» տելեգրամյան ալիքին, հրապարակում է կատարվել առ այն, որ նշված տելեգրամյան ալիքում հրապարակվել է նյութ, ըստ որի Խաչատուր Սուքիասյանը իրեն պատկանող Ran Oil ընկերության միջոցով ներկրում է անորակ բենզին: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը պարտավորեցնելով հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, ինչպես նաեւ վճարել փոխհատուցում:

Առաջին ատյանի դատարանն ընդհանրապես հաշվի չէր առել, որ նախ կատարված հրապարակման մեջ հղում էր կատարվել կոնկրետ այն լրատվական հարթակին, որտեղ տարածվել էր նյութը, մասնավորապես տելեգրամյան ալիքին, ինչպես նաեւ հաշվի չէր առել, որ կատարված հրապարակման մեջ փաստացի տվյալները վերաբերել են ոչ թե «Մեգա Թրեյդը» ՍՊԸ-ին (Ran Oil), այլ Խաչատուր Սուքիասյանին:

Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ քաղաքացիական դատարան եւ այսօր արդեն ստացվել է դատարանի որոշումը, ըստ որի Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել եւ փոփոխել է Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը եւ փոփոխել այն՝ «Մեգա թրեյդ» ՍՊԸ-ի կողմից «Նյուզ ԷյԷմ» ՍՊԸ-ի դեմ ներկայացված հայցը՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, ինչպես նաեւ փոխհատուցում վճարելու պահանջների մասին, ամբողջությամբ մերժել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանն արձանագրել է, որ՝ ՀՀ օրենսդրությունը որեւէ կերպ անմիջականորեն չի արգելում լրագրողին որպես տեղեկատվության աղբյուր դիտել էլեկտրոնային հարթակները եւ որեւէ էլեկտրոնային հարթակից ստացված տեղեկատվությունը տարածելիս լրագրողները չեն կարող կանխատեսել այնպիսի բացասական հետեւանքի առաջացումը, ինչպիսին է զրպարտության կամ վիրավորանքի գործերով իրենց՝ որպես վերատարածողի, այլ ոչ թե իրական տարածողի դեմ հայցերի ներկայացման հնարավորությունը։ Ավելին՝ աղբյուրը բացահայտելու պարագայում էլեկտրոնային հարթակներում առկա տեղեկատվության տարածման համար գույքային պատասխանատվության վտանգը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իմաստով կարող է դիտարկվել որպես սանկցիա՝ խնդրահարույց դառնալով մարդու իրավունքների միջազգային չափանիշների տեսանկյունից։ Այսինքն՝ էլեկտրոնային հարթակներից ստացված տեղեկատվության իրական աղբյուրները պարզելու համընդհանուր կանոնի սահմանումը, որը լուրջ խոչընդոտ է լինելու մամուլի գործառույթների իրականացման համար, էական ռիսկեր է պարունակում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով սահմանված սահմանափակումների թույլատրելի շրջանակների առումով։ Այսպիսով, էլեկտրոնային հարթակի վկայակոչումը, որը տարածել է տեղեկատվությունը, արդեն իսկ բավարար է զանգվածային լրատվության միջոցի կողմից իր՝ տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտականությունը կատարված համարելու համար՝ հաշվի առնելով նաեւ, որ այդ հարաբերություններում զանգվածային լրատվության միջոցը միայն կրկին տարածում է արդեն իսկ հանրային դարձած տեղեկատվությունը»։

Կիսվել