Հայաստանը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից կներգրավի 102 մլն եվրո վարկ, որը կուղղվի առողջապահության ոլորտին:
Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2024թ հուլիսի 25–ին:
«Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 102 մլն եվրո արժողությամբ վարկ: Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակն ու իրագործումը և բարձրացնել առողջապահական ծախսերի արդյունավետությունն ու նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները», – ասել է Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Փոխնախարարի խոսքով՝ սա առաջին վարկային համաձայնագիրն է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ, որը հիմնված է արդյունքների վրա:
«Նախանշվել են այն արդյունքները, որոնց կառավարությունը՝ ի դեմս առողջապահության նախարարության, պետք է հասնի ռեֆորմների միջոցով: Եվ միայն այդ դեպքում վարկային միջոցներից առհանումներ կարվեն պետական բյուջե, որը կհամալրի առողջապահության բյուջեն», – ասել է Նանուշյանը:
Նա հստակեցրեց՝ դա բյուջետային վարկ է: Յուրաքանչյուր տարի յուրաքանչյուր ցուցանիշին հասնելու պարագայում վարկը կմասնահանվի և կտրամադրվի պետական բյուջեին, պետական բյուջեից կհամալրվի առողջապահության բյուջեն՝ իրականացնելու մեծածավալ ռեֆորմներ:
«Մասնավորապես, մարդկանց բժշկական ծառայության հասանելիությանն ուղղված առողջության համապարփակ ապահովագրության ռեֆորմը», – նշել է նա:
Վարկը լողացող տարեկան տոկոսադրույք ունի: Անցյալ տարվա օգոստոսի դրությամբ կազմում է 4.577 տոկոս: