Վենեսուելայի ընդդիմադիր գործիչ Խուան Գուայդոն, որն ավելի քան չորս տարի առաջ անօրինական կերպով հռչակվել էր պետության ժամանակավոր ղեկավար, հայտարարել է, որ իրեն վտարել են Կոլումբիայից եւ այժմ նա ուղեւորվում է ԱՄՆ։
«Ինձ վտարել են Կոլումբիայից։ Բռնապետական ռեժիմի հետապնդումն այսօր, ցավոք, տարածվել է Կոլումբիայում… Ես կոմերցիոն չվերթով թռչում եմ ԱՄՆ՝ ընտանիքիս, աղջիկներիս հասցեին սպառնալիքների պատճառով», - Twitter-ի իր էջում հրապարակված տեսանյութում ասում է ընդդիմադիրը։
Նա նշել է, որ միեւնույն է շարունակելու է պայքարել Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ։
Ավելի վաղ Գուայդոն ասել էր, որ հեռացել է Վենեսուելայից՝ ոտքով անցնելով Կոլումբիա՝ վախենալով պետության կողմից մեղադրանքներից։ Նա նաեւ հայտարարել է ապրիլի 25-ին կայանալիք գագաթաժողովին Կոլումբիա ժամանած միջազգային պատվիրակությունների հետ հանդիպելու մտադրության մասին՝ չհստակեցնելով, թե արդյոք մտադիր է վերադառնալ Վենեսուելա։ Կոլումբիայի կառավարությունը, ի պատասխան Գուայդոյի հայտարարության, ասել է, որ Վենեսուելայի հարցով համաժողովին կմասնակցեն միայն երկխոսության հրավիրված երկրները։