Վախենալն օգտակար դիրքորոշում չէ. Փաշինյանը` Արևմուտքի հնարավոր սանկցիաների մասին

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 07, 2022

Փաշինյանը շեշտեց, որ շատ տպավորված է հայկական կողմի խնդրանքներին ՌԴ–ի օպերատիվ արձագանքից, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։
Վախենալն օգտակար դիրքորոշում չէ, հարկավոր է աշխատել մարտահրավերները կառավարելու ուղղությամբ։ Այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը չի վախենում համաժողովին մասնակցելու արդյունքում հայտնվել Արևմուտքի երկրորդային սանկցիաների տակ։
«Իհարկե, մենք էլ ենք մեծապես անհանգստացած պարենային, էներգետիկ անվտանգության համար։ Պետք է ասեմ, որ մեզ մոտ էլ բարձր գնաճ կա, որն ուղղակիորեն ազդում է սոցիալական վիճակի վրա։ Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կառավարելի է։ Խնդիրը կա, բայց ճգնաժամային իրավիճակ չկա։ Եվ սա նաև Ռուսաստանի Դաշնության աջակցության շնորհիվ է»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` տարեսկզբին մտահոգություններ կային մի շարք հարցերի շուրջ ոչ միայն ԵԱՏՄ, այլև երկկողմ ձևաչափում։
Փաշինյանը շեշտեց, որ շատ տպավորված է հայկական կողմի խնդրանքներին ՌԴ–ի օպերատիվ արձագանքից, ինչը շատ կարևոր է հայ-ռուսական գործընկերության համատեքստում։
«Հայաստանը միայնակ կդժվարանար պայքարել դրա դեմ»,– ասաց Փաշինյանը` ակնարկելով ՌԴ–ից Հայաստանին արտոնյալ պայմաններով տրամադրված ցորենի ու այլ պարենամթերքների մասին։ «Ահա այն կոնկրետ իրավիճակը, որին ոչ մի սանկցիաներ չեն սպառնում»,– ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Համաժողվին ներկա են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ պետությունների ղեկավարներ։
Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը։

Կիսվել