Վաշինգտոնը վերսկսում է զենքի վաճառքը Ուկրաինային

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 17, 2025

Ըստ Reuters գործակալության՝ Վաշինգտոնը վերսկսում է Ուկրաինային զենքի վաճառքը դաշնակիցների հետ նոր ֆինանսական համաձայնագրի շրջանակներում։

Թրամփի վարչակազմն առաջին անգամ հաստատել է Ուկրաինային նոր զենքի վաճառքը, հայտնել է գործակալությունը՝ երեքշաբթի՝ սեպտեմբերի 16-ին հղում անելով գործընթացին ծանոթ երկու աղբյուրի։

Նշվում է, որ շուտով կուղարկվեն երկու զենքի փաթեթներ՝ յուրաքանչյուրը 500 միլիոն դոլար արժողությամբ։

Գործակալությունը նաև պնդել է, որ ամերիկյան զինանոցներից զենքի գնումը կֆինանսավորվի ՆԱՏՕ-ի երկրների կողմից։ Պաշտպանության քաղաքականության գծով նախարարի տեղակալ Էլբրիջ Քոլբին հաստատել է Ուկրաինային զենքի վաճառքի 2 գործարքի մասին՝ յուրաքանչյուրը 500 միլիոն դոլար արժողությամբ, հայտնել են Reuters-ի աղբյուրները։ 

Սա ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից ՆԱՏՕ-ի միջոցներով Ուկրաինա զենք մատակարարելու համար մշակված «Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ» (PURL) անվամբ նոր մեխանիզմի առաջին կիրառումն է, հայտնել է գործակալությունը։

Օգոստոսին հաղորդվել է, որ Կիևը, պաշտպանվելով ռուսական ներխուժումից, ԱՄՆ-ին առաջարկել է 100 միլիարդ դոլարի գործարք՝ անվտանգության երաշխիքների համար։ Եթե Վաշինգտոնը Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրի, նա ԱՄՆ-ից կգնի 100 միլիարդ դոլարի զենք, իսկ եվրոպական երկրները կֆինանսավորեն գործարքը։

Ըստ Financial Times-ի՝ այս առաջարկը Թրամփին արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Կիսվել