Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև առաջիկա հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։ Այս մասին հունվարի 31-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ հանձնաժողովների վերջին հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպումները շարունակելու վերաբերյալ։
«Երբ հստակ պայմանավորվածություն կլինի, տեղյակ կպահվի հանդիպման օրվա և ժամի վերաբերյալ»,- նշել է վարչապետը։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին՝ Փաշինյանը խոսել է 2024 թվականին այս ուղղությամբ գրանցած առաջընթացից։
«Մենք պատրաստակամ ենք և, անկեղծ պետք է ասեմ, որ սահմանազատման գործընթացը 2024 թվականին շատ առարկայացավ։ Մենք Ադրբեջանի հետ առաջին երկկողմ միջպետական թուղթն ունենք, որն անցել է երկու երկրների ընթացակարգերով, և փաստորեն ամեն երկիր հաստատել է այդ փաստաթուղթը, ինչը անկյունաքարային նշանակություն ունի։ Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առաջիկա շրջանում հանձնաժողովները կենտրոնանալու են Վրաստանի սահմանից մինչև Իրանի հետ սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքներում»,- հայտնել է Փաշինյանը։
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին ու դրա հնարավոր ստորագրմանը՝ վարչապետը հիշեցրեց, որ նախագծում առկա 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։
«Երկու չհամաձայնեցված կետ կա, և երկուսի մասով էլ Հայաստանի Հանրապետությունն առաջարկել է լուծումներ։ Դրանցից մեկը վերաբերում է երրորդ երկրների ուժերի ներկայացուցիչներ սահմանի երկայնքով չտեղակայելուն։ Մենք առաջարկում ենք դա կիրառել սահմանի սահմանազատված հատվածների նկատմամբ։
Կա նաև իրավական հարթություններում վեճերի՝ միջազգային ատյաններից հետ կանչելու թեման, որը որոշակի հանգամանքներում ու պայմաններում մեզ համար կարող է ընդունելի լինել։ Գաղափարը հետևյալն է՝ մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններում ենք ինչ-որ բան հետ կանչում, այլ նաև այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես։ Հակառակ դեպքում կստացվի մի իրավիճակ, որ մենք հանկարծ հետ քաշեցինք, Ադրբեջանն էլ հետ քաշեց իր հայցերը, բայց հաջորդ փուլում Ադրբեջանը երկկողմ հարաբերություններում այդ հարցերը դնի սեղանին և դրա շուրջ կարող են լինել էսկալացիաներ։ Իսկ նման պարագայում մենք արդեն մեր ճանապարհը փակած կլինենք այդ էսկալացիայի ռիսկը կառավարելու միջազգային հարթակներն օգտագործելու համար։
Հետևաբար, եթե մենք այդ վեճերից հրաժարվում ենք ընդհանրապես, դա մեզ համար կարող է ընդունելի լինել, և մենք այդ ուղղությամբ աշխատում ենք»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։