Վանաձորի ավագանին հաստատել է 2023–ի բյուջեի նախագիծը

Աննա Անտոնյան Դեկտեմբեր 14, 2022

Վանաձոր խոշորացված համայնքի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 14–ին, արտահերթ նիստում ընդունել է 2023 թվականի տարվա բյուջեի նախագիծը եւ օրակարգում ընդգրկված 32 հարցերից եւս 5–ը։

Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանը  հետ զրույցում ասաց, որ նիստին ներկայացել են ավագանու 5 խմբակցություններից 3–ը՝ Արկադի Փելեշյանի գլխավորած «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը», «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները, իսկ առավել շատ մանդատ ունեցող «Մամիկոն Ասլանյան» խմբակցությունից նիստին մասնակցել են միայն երկուսը՝ Սեյրան Ղամբարյանը եւ Գայանե Քալանթարյանը։ «Հայրենիք» խմբակցության անդամները չեն ներկայացել նիստին։

Աստղիկ Ավետիքյանի խոսքով՝ Սեյրան Ղամբարյանը հայտարարել է, որ ավագանու արտահերթ նիստին մասնակցելու որոշումը համաձայնեցված է Մամիկոն Ասլանյանի հետ, որը մեկ տարի է՝ կալանավորված է։ Սեյրան Ղամբարյանը եւ Գայանե Քալանթարյանը նույնպես կողմ են քվեարկել հաջորդ տարվա բյուջեի նախագծին։

«Հայրենիք» խմբակցություն ղեկավար Վահե Դոխոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ  խիստ մտահոգիչ է «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության ներկայացուցիչներ Սեյրան Ղամբարյանի եւ Գայանե Քալանթարյանի մասնակցությունը, որոնց շնորհիվ էլ չընտրված համայնքապետը ստացել է անհարժեշտ քվորում։

Նա, մասնավորապես, գրել է.

«Վանաձոր համայնքի սիրելի բնակիչներ,

Վանաձորի ավագանու խմբակցություններից իշխանական հատվածին այսօր հաջողվեց գումարել ավագանու արտահերթ նիստ եւ քվեարկությամբ ընդունել այնպիսի որոշումներ, որոնք միտված են համայնքային իշխանությունը համայնքի բնակչությունից խլելուն: Ցավով պետք է արձանագրեմ, որ այդ անհանդուրժելի արարքին միացան նաեւ ավագանու ամենամեծ խմբակցության բանտարկված ղեկավարի որոշ թիմակիցներ: Ցավալի է նաեւ այն հանգամանքը, որ օրեր առաջ իմ հայտարարությանը, որը շատ կոնկրետ առաջարկությամբ գալիս էր լուծելու արդեն շուրջ մեկ տարի տեւող այս ճգնաժամը՝ չարձագանքեց նաեւ «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ առաջարկիս գլխավոր պատասխանատուն հենց այդ խմբակցությունն էր ու դրա առաջնորդը:

Խիստ մտահոգիչ է նաեւ ավագանու նիստում «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության ներկայացուցիչներ Սեյրան Ղամբարյանի եւ Գայանե Քալանթարյանի մասնակցությունը, որի շնորհիվ չընտրված քաղաքապետը ստացավ անհարժեշտ քվորում: Միաժամանակ առանձին ուշադրության է արժանի նույն խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունն այն մասին, որ Մամիկոն Ասլանյանը տեղյակ է իրենց այդ որոշման մասին: Ավագանու անդամների այդ մասնակցության եւ հայտարարության վերաբերյալ ակնկալում ենք «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության հստակ եւ ուղիղ արձագանքը:

Վանաձոր համայնքի «Հայրենիք» խմբակցությունը, անձամբ ես ու մեր քաղաքական թիմը պահպանում է իր այն համոզմունքը, որ վանաձորցու քվեն եւ վստահությունը սակարկման ենթակա չեն։ Միայն Վանաձոր համայնքի բնակիչը կարող է որոշել, թե ով պետք է կառավարի մեր սիրելի համայնքը։

Մենք շարունակում ենք պնդել, որ օրենքով սահմանված հնարավորինս սեղմ ժամկետներում Վանաձոր համայնքի ավագանու նոր ընտրություն անցկացնելը առաջնահերթություն է անկախ այն հանգամանքից, թե որ խմբակցությունը իշխանության հետ կուլիսային ինչ պայմանավորվածությունների է հասել»։

Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ընտրություններից հետո Վանաձորում հետընտրական ճգնաժամ էր առաջացել, խոշորացված համայնքի աշխատանքը պարալիզացված էր, որովհետեւ ընտրություններից հետո Վանաձորում համայնքապետ չի ընտրվել, ընտրություններից միայն 7 ամիս անց վարչապետի որոշմամբ, համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը, սակայն  անգամ նրա նշանակումից հետո Վանաձորում ճգնաժամը չի լուծվել։ Ավագանու նիստեր չէին կայանում։ Արկադի Փելեշյանի նշանակումից ամիսներ անց միայն այսօր հաջողվեց արտահերթ նիստ անցկացնել, քվորումն ապահովել են «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամները՝ Սեյրան Ղամբարյանը եւ Գայանե Քալանթարյանը։

Հիշեցնենք՝ 2021 թ․ դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։ Մամիկոն Ասլանյանյանը մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Մամիկոն Ասլանյանի գործը դատաքաննության փուլում է, Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։ Հիշեցնենք, որ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ԼՀԿ–ն ցանկանում է պաշտպանել ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը։


Կիսվել