Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն։ Պետքարտուղարը շեշտել է, որ Կիևն ու Մոսկվան պետք է պատրաստ լինեն «դժվար քայլերի»։
«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս իրավիճակը ռազմական լուծում չունի», - ասել է նա՝ ուկրաինական պատվիրակության հետ հանդիպման համար Սաուդյան Արաբիա մեկնելիս։
Ռուբիոյի խոսքով, կարևոր է նաև որոշել, թե Մոսկվան ինչ զիջումների է պատրաստ գնալ ապագա բանակցություններում։
«Ռուսները չեն կարող գրավել ողջ Ուկրաինան, և պարզ է, որ Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ստիպել ռուսներին խելամիտ ժամկետներում վերադառնալ այնտեղ, որտեղ նրանք եղել են 2014 թվականին», - եզրափակել է Ռուբիոն։
Փետրվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր օգնել Կիևին «վերադարձնել որքան հնարավոր է շատ» տարածքներ։ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված է լինելու գնալ զիջումների, սակայն չի հստակեցրել, թե ինչ զիջումների մասին է խոսքը։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ի պատասխան Թրամփի այս հայտարարության, ասել է, որ այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի սուբյեկտներ, ներառված են Սահմանադրության մեջ, երկրի անբաժանելի մասն են կազմում։