Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը հույս է կապում ՌԴ-ի հետ

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 07, 2022

ՀՀ վարչապետը շեշտեց Ռուսաստանի դերը հարևանների, այդ թվում` Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։
Հայաստանը հուսով է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ՌԴ-ի օգնությամբ։ Այս մասին այսօր Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի ամբիոնից հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք գիտեք, որ Թուրքիայի հետ խոսակցություն է սկսվել, և մենք հույս ունենք բարելավել Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի աջակցությամբ»,- ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ ԼՂ հիմնախնդրի լուծման շուրջ ինտենսիվ բանակցություններ են ընթանում նաև Ադրբեջանի հետ։
«Եվ այս հարցում ևս մենք Ռուսաստանի Դաշնության աջակցության հույսը ունենք` ոչ միայն որպես մեր ռազմավարական դաշնակցի, այլ նաև որպես Ադրբեջանի գործընկերոջ։ Ես կցանկանայի ընդգծել Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, որը զբաղվում է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 6-9-ը աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում` Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նստաշրջանին մասնակցելու նպատակով։
Համաժողվին ներկա են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու այլ պետությունների ղեկավարներ։
Համաժողովի շրջանակներում նախատեսվում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը:
Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովն այս տարի կրում է «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» խորագիրը։

Կիսվել