Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 25-ին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում սա թուրքական դիվանագիտության ղեկավարի առաջին այցն է Վաշինգտոն։ Ֆիդանը կհանդիպի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, ինչպես նաև ամերիկացի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ֆիդանն ԱՄՆ-ում կքննարկի Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ռազմավարական քայլերը, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման հարցեր։ Էրդողանը ձգտում է ապրիլին Սպիտակ տանը հանդիպել Թրամփի հետ։ Պաշտոնյաներն ասել էին, որ Էրդողանն Անկարայի և Վաշինգտոնի միջև ռազմավարական գործընկերության ամրապնդումը կարևոր է համարում տարածաշրջանային կայունության առումով՝ ընդգծելով Ուկրաինայից մինչև Սիրիա կարևոր միջնորդ դառնալու Թուրքիայի ձգտումը։ Թուրքիայի արտգործնախարարը Վաշինգտոնում կընդգծի նաև Անկարայի աջակցությունը ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու դիվանագիտական ջանքերին, աջակցություն կհայտնի հրադադարի նախաձեռնություններին և դրանց իրականացման հարցում Անկարայի պատրաստակամությունը։ Ֆիդանը Վաշինգտոնում կքննարկի նաև Գազայի, Սիրիայի հարցը։