Թուրքիան «խստորեն դատապարտել» է Կիպրոսի նկատմամբ ԱՄՆ զենքի էմբարգոյի վերացումը

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 17, 2022

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ «խստորեն դատապարտում է» Կիպրոսի նկատմամբ զենքի էմբարգոյի չեղարկումն ԱՄՆ-ի կողմից, հայտնում է Reuters-ը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ որոշումն «էլ ավելի կամրապնդի կիպրահունական կողմի անզիջողականությունը եւ բացասաբար կանդրադառնա Կիպրոսի հարցի լուծման ջանքերի վրա»։

«Դա կհանգեցնի կղզում սպառազինությունների մրցավազքի, որը կվնասի խաղաղությանը եւ կայունությանը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում»,- ասվում է հայտարարության մեջ՝ կոչ անելով ԱՄՆ-ին վերանայել իր որոշումը եւ հավասարակշռված քաղաքականություն վարել կղզու երկու կողմերի նկատմամբ։

Ուրբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերացրել է 2023 ֆինանսական տարվա համար Կիպրոսի համար զենքի առեւտրի սահմանափակումները։

Կիպրոսը բաժանվել էր 1974 թ. թուրքական ներխուժման արդյունքում։ Այդ ժամանակից ի վեր Կիպրոսը կառավարվում է հարավում հույն կիպրոսցիների վարչակազմի կողմից:

Կիսվել