Թուրքիան Ֆինլանդիային եւ Շվեդիային կներկայացնի արտահանձնման ենթակա ահաբեկիչների նոր ցուցակ

Աննա Անտոնյան Օգոստոս 25, 2022

Թուրքիան օգոստոսի 26-ին Ֆինլանդիային եւ Շվեդիային կհիշեցնի տասը կետից բաղկացած փաստաթղթի մասին, որոնք սկանդինավյան երկրները պետք է կատարեին, որպեսզի Անկարան համաձայներ ՆԱՏՕ-ին նրանց անդամակցությանը հավանություն տալուն, տեղեկացրել է Yeni Şafak թերթը։

Անկարան մտադիր է Հելսինկիին եւ Ստոկհոլմին ներկայացնել ահաբեկիչների նոր ցուցակ, որոնք պետք է արտահանձնվեն Թուրքիային։ Թերթը ճշտել է, որ ցուցակում ավելացվել են այն ահաբեկիչների անունները, որոնց մինչ այդ պահանջում էին սկանդինավյան երկրներից, բայց որոնց չեն վերադարձրել։

Օգոստոսի 26-ին Ֆինլանդիայում տեղի կունենա Համատեղ մշտական մեխանիզմի առաջին նիստը, որն ստեղծվել է եռակողմ հուշագրի շրջանակում։ Այն ստորագրել են Թուրքիան, Ֆինլանդիան եւ Շվեդիան Մադրիդում հունիսի վերջին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում։ Այն ժամանակ երկրները պայմանավորվել էին ուժեղացնել համագործակցությունն ահաբեկչության, այդ թվում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարում։

Թուրքիան ներկայացնելու է նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի եւ ԱԳՆ փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորած պատվիրակությունը։

Կիսվել