ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհրաժարվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ համաձայնագիր կնքելու ջանքերից արդեն առաջիկա օրերին, եթե չտեսնի հստակ ազդակներ, որ նման գործարքը հնարավոր է, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք պատրաստվում այս ձեռնարկումը շարունակել շաբաթներով և ամիսներով: Դրա համար մենք պետք է շատ արագ համոզվենք, և ես խոսում եմ մի քանի օրվա մասին, հնարավո՞ր է դա առաջիկա շաբաթներին։ Եթե այո, մենք կանք, եթե ոչ՝ մենք այլ առաջնահերթություններ ունենք», — ասել է Ռուբիոն Փարիզում եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից հետո: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր Ուկրաինայում պատերազմը դադարեցնել իր պաշտոնավարման առաջին 100 օրերին։ Վերադառնալով Սպիտակ տուն՝ նա հայտարարեց, որ խաղաղությունը հնարավոր է ապրիլին կամ մայիսին։