Թրամփը հրաման է ստորագրել Իրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին

Աննա Անտոնյան Փետրվար 05, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ազգային անվտանգության նախագահական հուշագիր է ստորագրել, որով վերականգնում է Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության վրա առավելագույն ճնշումը։ 

Փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը» և հակազդել Իրանի կողմից հրթիռների, ինչպես նաև այլ ասիմետրիկ և սովորական սպառազինությունների մշակմանը: 

ԱՄՆ ֆինանսների նախարարին հանձնարարվել է առավելագույն տնտեսական ճնշում գործադրել Իրանի կառավարության վրա, այդ թվում՝ մեխանիզմներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք խախտում են գործող պատժամիջոցները:

Հուշագրում նաև նշվել է, որ պետքարտուղարը կհամագործակցի ֆինանսների նախարարի հետ իրանական նավթի արտահանումը զրոյացնելու արշավ իրականացնելու նպատակով:

Բացի այդ, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների մշտական ​​ներկայացուցիչը կաշխատի առանցքային դաշնակիցների հետ՝ ամբողջացնելու Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցներն ու սահմանափակումները:

Ստորագրված փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ գլխավոր դատախազը քրեական պատասխանատվության կենթարկի «Իրանի կողմից ֆինանսավորվող ահաբեկչական խմբավորումների առաջնորդներին և անդամներին, որոնք առևանգել, վնասել կամ սպանել են ԱՄՆ քաղաքացիներին» և կպահանջի ձերբակալել նրանց ու արտահանձնել ԱՄՆ-ին:


Կիսվել