Թրամփը հայտարարել է, որ մոտ 25% մաքսատուրքեր կսահմանի ավտոմեքենաների, դեղագործական ապրանքների և չիպերի համար

Աննա Անտոնյան Փետրվար 19, 2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ֆլորիդայի նահանգի Մար-ա-Լագոյի իր կալվածքում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ մտադիր է  մոտ 25%-ի չափով մաքսատուրքեր սահմանել ավտոմեքենաների, ինչպես նաև 25% կամ ավելի բարձր մաքսատուրքեր` կիսահաղորդիչների և դեղագործական ապրանքների ներմուծման համար։ Այդ մաքսատուրքերը զգալիորեն կաճեն մեկ տարվա ընթացքում: 

ԱՄՆ նախագահը նշել է, որ ավտոմոբիլների համար գանձումները, հնարավոր է, սկսվեն հենց ապրիլի 2-ին. ապրիլի 1-ին նրա աշխատակազմի անդամները զեկույցներ են ներկայացնելու՝ նախանշելով ներմուծման մաքսատուրքերի մի շարք տարբերակներ։ 

Թրամփը ձգտում է վերափոխել համաշխարհային առևտուրը: Նա երկար ժամանակ քննադատում էր արտաքին շուկաներում ամերիկյան ավտոմեքենաների արտահանման նկատմամբ անարդար վերաբերմունքը։

Եվրամիությունը տրանսպորտային միջոցների ներմուծման համար գանձում է 10% մաքսատուրք, ինչը չորս անգամ գերազանցում է ԱՄՆ-ի կողմից մարդատար ավտոմեքենաների համար սահմանված 2,5% դրույքաչափը: Ի տարբերություն դրա, սակայն, պիկապ մեքենաների համար ԱՄՆ-ն գանձում է 25% մաքսատուրք բոլոր երկրներից, բացի Մեքսիկայից և Կանադայից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել երկիր ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար լրացուցիչ 25% մաքսատուրք սահմանելու մասին: Դրանք պետք է ուժի մեջ մտնեն մարտի 12-ին և կտարածվեն բոլորի վրա, այդ թվում՝ Կանադայի, Մեքսիկայի, ԵՄ-ի և այլ առևտրային գործընկերների։


Կիսվել