ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն Ռուսաստան մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու կոչը վկայում է, որ Վաշինգտոնը վերանայել է Մոսկվայի և Կիևի միջև հակամարտության իրավիճակի գնահատականը։ Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է արտաքին քաղաքականության թուրք փորձագետ Ինանչ Սանջակը։
Նրա խոսքով՝ Թրամփի կոչը նշանակում է, որ ԱՄՆ-ն փաստացի ճանաչել է ստեղծված իրողությունն ու Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայի հետ հակամարտությունում։
«Հիմա հերթը Բրյուսելինն է․ եվրոպական երկրները նույնպես պետք է ճանաչեն նոր իրավիճակը և համապատասխան եզրակացություններ անեն», - հավելել է փորձագետը։
Սանջակի խոսքով՝ մինչ այժմ արևմտյան երկրները պնդում էին, որ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է անցկացվեն չեզոք տարածքում։ Այդ պատճառով Մոսկվայում հանդիպման հնարավորության մասին քննարկումներն ինքնին կարևոր քաղաքական նշանակություն ունեն։
«Սա այլևս պարզապես հանդիպման վայրի ընտրության հարց չէ։ Սա այն բանի ընդունումն է, որ առանց Ռուսաստանի հետ անմիջական փոխգործակցության՝ հակամարտության կարգավորումն անհնար է», - նշել է Սանջակը։
Սեպտեմբերի 25-ին Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Զելենսկու հետ զրույցի ժամանակ կոչ է արել նրան մեկնել Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու։ Սակայն Ուկրաինայի նախագահը մերժել է առաջարկը։