Թեհրանն իր հարեւանների սահմանների դեմ ուղղված սպառնալիքները չի ընդունի. ԻԻՀ փոխնախագահը՝ Ադրբեջանի վարչապետին

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 07, 2022

Իրան-Ռուսաստան-Ադրբեջան համագործակցության եռակողմ փաստաթուղթը կարեւոր դեր է խաղում հարաբերությունների ընդլայնման գործում։ Այս մասին հայտարարել է ԻԻՀ առաջին փոխնախագահ Մուհամեդ Մոխբերն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ հանդիպմանը, փոխանցում է Mehr-ը։

Նրա խոսքով՝ տրանսպորտի ոլորտում երկկողմ հարաբերություններն ընդլայնելու լայն հնարավորություններ կան, եւ Թեհրանը հաստատակամ է Բաքվի հետ համագործակցության ամրապնդման հարցում։

Նա նշել է, որ երկկողմ առեւտրի ծավալների մեծացմանն ուղղված արտոնյալ առեւտրի ընդլայնումն Իրանի ռազմավարություններից մեկն է եւ կոչ է արել օգտագործել Իրանի եւ Ադրբեջանի առկա հնարավորությունները՝ առեւտրի հետագա ընդլայնման համար։

Առաջին փոխնախագահը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն Ադրբեջանին «եղբայր» է համարում եւ պատրաստ է ընդլայնել Բաքվի հետ բազմակողմ համագործակցությունը։ Նա նաեւ ընդգծել է, որ Իրանի հարեւանների սահմանները կարմիր գծեր են, եւ Թեհրանը այդ սահմանների դեմ ուղղված սպառնալիքները չի ընդունի։

Կիսվել