Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, տիկին Դավոյանը պետք է իր ձևակերպումները ավելի ճիշտ ընտրի. Աննա Գրիգորյան
Աննա Անտոնյան
Ապրիլ 22, 2021
Մեծ հաշվով այս ձերբակալումները անակնկալ չէին, քանի որ վարչապետը մարզպետարանում նստած ուղիղ ցուցում էր տալիս, որ պետք է հրապարակային կերպով պատժվեն այն մարդիկ, ովքեր այդ ակցիաներին մասնակցել են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Սյունիքում երեկվա ակցիաներից հետո սյունեցիների ձերբակալություններին:
«Անհասկանալի է, թե ինչու է Մեղրու քաղաքապետը այդ գործընթացով անցնում, բայց ըստ էության՝ սա քաղաքական հաշվեհարդար է, քանի որ իրավական մասով սա ուղղակի փուչիկ է: Մեղրու համայնքապետին ձերբակալել են խուլիգանության հոդվածով, այնինչ նա ընդամենը իջել է քաղաքացիների մոտ, որովհետև չէր կարող անտարբեր նստել տանը և չհասկանար, թե ինչ է կատարվում, համաքաղաքացիները ինչ են անում, փորձել է հանդարտեցնել և թույլ չտալ՝ բախումներ լինեն, դրա համար բերման են ենթարկում»,- ասաց Աննա Գրիգորյանը:
Պատգամավորը նաև անդրադարձավ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանի հայտարարություններին, որ սյունեցիները պետք է պատժվեն:
«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, տիկին Դավոյանը պետք է իր բառերն ու ձևակերպումները ավելի ճիշտ ընտրի, ԱԺ պատգամավո՞րը պետք է ասի՝ ով պետք է պատժվի, ով՝ ոչ: Տիկին Դավոյանը Քննչական կոմիտեից չէ, ոչ էլ ԱԱԾ ներկայացուցիչ, որ նման հայտարարություններ է անում»,- ասաց պատգամավորը:
Նա նաև ընդգծեց՝ ակցիաները չէին կարող լինել ուղղորդված, քանի որ անգամ իմքայլականները տեղյակ չեն եղել Փաշինյանի՝ Սյունիքի այցի մասին:
«Ոչ միայն սյունեցիները տեղյակ չեն եղել, այլ անգամ սեփական թիմը, պատգամավորները տեղյակ չեն եղել, «Իմ քայլը» կուսակցությունից սյունեցի պատգամավոր Կարեն Համբարձումյանը լրագրողի հարցին ի պատասխան ասել է՝ տեղյակ չի եղել, որ վարչապետը այցելելու է Սյունիք, բոլորի համար էր դա անակնկալ: Եթե որևէ մեկը տեղյակ չի եղել հանդիպումների մասին, ապա ում կողմից են ուղղորդված եղել այդ ակցիաները»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցից հետո մի խումբ քաղաքացիներ, այդ թվում՝ Մեղրու քաղաքապետը, բերման են ենթարկվել և գտնվում են Երևանի քննչական կոմիտեում:
Կիսվել