«Սուրենը սովորականի նման աշխատանքի է գալիս, բնակիչների հետ չի շփվում»․ Արագածավանի բնակիչ

Աննա Անտոնյան Հունիս 14, 2023

Արագածավան գյուղի ՋՕԸ պետ, ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, որը մեղադրվում է համագյուղացու վրա գազաբալոնով գազ փչելու, ապա ծեծի ենթարկելու մեջ, ազատ արձակվելուց հետո վերադարձել է աշխատավայր, աշխատանքի է գնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արագածավանի բնակիչներից մեկը։

«Սովորականի նման գալիս է աշխատանքի։ Բնակիչների հետ չի շփվում, իրեն նորմալ է պահում։ Ինքն ո՞վ է՝ մեր նկատմամբ էլ քինախնդրություն ունենա, անգամ տառերը չի ճանաչում։ Մեզ համար զարմանալի չէր, որ իրեն բաց են թողել, այդպես էլ պետք է լիներ, բայց մենք պահանջում ենք, որ ինքը մեր գյուղում պաշտոն չզբաղեցնի։ Մենք ստորագրահավաք ենք անելու, հանձնենք Թալինի քաղաքապետին, եթե չազդի, ակցիաներ կանենք։ Մարդիկ կան, որ վախենում են, բայց եթե չեն ուզի պայքարել, թող նմանի պատճառով այդպես ճնշված ապրեն»,- ասաց բնակիչը։

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին, Ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, ժամը 19.00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ, 24-ամյա Արմեն Սահակյանի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գյուղացիները դեպքի օրը փակել էին ճանապարհը եւ պահանջել, որ Սուրեն Թորսոսյանը ներկայանա եւ պատասխան տա իր արածի համար: 

Մեզ հետ զրույցում տուժող ճանաչված Արմեն Սահակյանը պատմել էր, որ իրենց մեջ վիճաբանություն էր առաջացել դեպքից վեց ամիս առաջ։

Կիսվել