Ստամբուլում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև

Աննա Անտոնյան Փետրվար 27, 2025

Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոսի նստավայրում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններ են ընթանում դեսպանատների աշխատանքին առնչվող խնդիրների շուրջ:

Հանդիպումը սկսվել է ժամը 10։00-ի սահմաններում։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հայտարարելով հանդիպման մասին, հույս էր հայտնել, որ միջոցառման արդյունքներով հասկանալի կդառնան, թե երկու կողմերը որքան արագ և արդյունավետորեն կկարողանան շարժվել խնդրահարույց հարցերի լուծման գործում։

Բանակցություններում չեն քննարկվելու քաղաքական կամ անվտանգության հարցեր, և Ուկրաինան նույնպես հանդիպման թեմա չի դառնա։

Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում տեղի են ունեցել ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցություններ, որոնք տևել են չորսուկես ժամ: Ռուսական կողմից քննարկմանը մասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Վաշինգտոնը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Մայքլ Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։

Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են պայմաններ ստեղծել երկկողմ համագործակցության լիարժեք վերսկսման, դեսպանատների աշխատանքում սահմանափակումները վերացնելու և Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթաց սկսելու համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել կայացած բանակցությունները՝ նշելով, որ արդյունքն առկա է։

Կիսվել