Սպիտակ տունը Երեւանին եւ Բաքվին կոչ է անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից

Աննա Անտոնյան Սեպտեմբեր 14, 2022

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«ԱՄՆ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի, այդ թվում՝ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին հաղորդումներով։ Մենք ակտիվորեն ներգրավված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներում՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել այս բռնությանը վերջ դնելու համար։

Պետքարտուղար Բլինքենը զրուցել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ։ Մենք ասել ենք, բայց հարկ եմ համարում կրկնել, որ այս հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով։ Կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից։ Մենք նաեւ խրախուսում ենք կողմերին վերականգնել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական, եւ վերահաստատել դիվանագիտական գործընթացին հավատարմությունը ճգնաժամը հաղթահարելու համար»,- ասել է նա։

Կիսվել