Սիսիանում նույնիսկ կոալիցիայով չի հաջողվում տեղական իշխանություն ձեւավորել. համայնքապետը կընտրվի 2–րդ փուլով

Աննա Անտոնյան Հոկտեմբեր 10, 2022

Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքում հոկտեմբերի 12–ին տեղի է ունենալու նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի համայնքի ղեկավար։

Քանի որ սեպտեմբերի 25–ին անցկացված ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած քաղաքական 5 ուժերից ոչ մեկին չի հաջողվել 50 տոկոսից ավելի ձայն ստանալ, ավագանու խմբակցությունները պետք է համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրեն։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես համայնքի ղեկավարի թեկնածու, իսկ եթե նա հրաժարվում է, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու: Այս դեպքում արդեն համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով:

Չի բացառվում, որ Սիսիանում հոկտեմբերի 12–ին համայնքապետ այդպես էլ չընտրվի, քանի որ քաղաքական ուժերին չի հաջողվում նույնիսկ կոալիցիաներ կազմելու միջոցով տեղական իշխանություն ձեւավորել։

Սիսիանում մանդատների ընդհանուր թիվը 21–ն է։ Մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ. «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 8, «Աշխատանք եւ արդարությունը»՝ 5, «Ապրելու երկիրը»՝ 4, «Մեկ Հայաստան» եւ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները կստանան 2–ական մանդատ։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրին» 3 մանդատ է պակասում, որպեսզի առանց այլ ուժի հետ կոալիցիա կազմելու, իր թեկնածուին ընտրեր համայնքի ղեկավար։

Բանն այն է, որ 5 մանդատ ունեցող «Աշխատանք եւ արդարությունը» եւ 2 մանդատ ունեցող «Մեկ Հայաստանը» նախնական պայմանավորվածություն ունեն համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել «Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանին։

«Ապրելու երկիր» կուսակցությունն էլ համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրելու է ընտրական ցուցակը գլխավորող Արա Զաքարյանի թեկնածությունը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ որպես համայնքի ղեկավար տեսնում է Արա Զաքարյանի թեկնածությունը։ Խորապես համոզված ենք՝ Արա Զաքարյանից լավ թեկնածու Սիսիանը ունենալ չի կարող եւ Սիսիանի շուրջ ստեղծված նոր մարտահրավերներին համայնքը լավագույնս կարող է դիմակայել հենց Արա Զաքարյանի գլխավորությամբ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանը։

«Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, որը երկու մանդատ ունի, մամուլի հրապարակումների համաձայն, իշխող ուժի թեկնածուի օգտին է քվեարկելու, բայց այս դեպքում էլ ՔՊ–ին ձայները չեն բավականացնում համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրել իրենց թեկնածունին՝  Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։

«Աշխատանք եւ արդարություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Հայկ Առաքելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ պայմանավորվածություն ունեն  միայն «Մեկ Հայաստան» կուսակցության հետ եւ այս պահի դրությամբ որոշում ունեն համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրել իր թեկնածությունը։

 «Այս պահին իմ թեկնածությունն է, կարող է փոխվել, ոչինչ չեմ կարող ասել»,– նշեց Հայկ Առաքելյանը։

Բայց այս դեպքում էլ նրանց մանդատները չեն բավարարում համայնքի ղեկավար ընտրել։ Նրանց 4 ձայն է պակասում։ «Աշխատանք եւ արդարություն» դաշինքը քննարկումներ է ունեցել նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության հետ, սակայն ուժերն այդպես էլ համաձայնության չեն եկել։

Իսկ ի՞նչ է լինելու այս դեպքում, հնարավո՞ր է հոկտեմբերի 12–ին Սիսիանում համայնքապետ չընտրվի, հարցրինք Հայկ Առաքելյանին։

«Օրը կգա՝ կհասկանանք, հոկտեմբերի 12–ի բոլոր հարցերի պատասխանը կստանաք»,– պատասխանեց Հայկ Առաքելյանը։

Մենք փորձեցինք զրուցել նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանի հետ, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։

«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2.-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը չի ստանում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ:

Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ պարզել առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց: Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին:

Քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:

Կիսվել