Շոյգուն բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարարի հետ

Աննա Անտոնյան Օգոստոս 16, 2022

Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սուրեն Պապիկյանը եւ Սերգեյ Շոյգուն բանակցություններ են վարել Միջազգային անվտանգության մոսկովյան X համաժողովի շրջանակներում, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Մենք քննարկելու շատ բան ունենք, կան ավանդական հարցեր, որոնք վերաբերում են մեր ռազմատեխնիկական եւ ռազմական համագործակցությանը։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում առաջադրանքներ կատարող մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Մենք, ինչպես եւ դուք, շարունակում ենք վստահ լինել, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ամբողջ երկայնքով»,- բանակցությունների ժամանակ ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։

Շոյգուն նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանից իր գործընկերոջը՝ Միջազգային բանակային խաղերի բացմանը եւ «Բանակ-2022» միջազգային ռազմատեխնիկական ֆորումին, ինչպես նաեւ միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի աշխատանքներին մասնակցելու հնարավորության համար։
Պապիկյանը, իր հերթին, նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է տարեսկզբից, ինչը վկայում է հայ-ռուսական երկկողմ դաշնակցային փոխգործակցության բարձր մակարդակի մասին։

«Այս հանդիպումը շատ կարեւոր է մեզ համար։ Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաեւ Ռուսաստանի ներկայության դերը Հարավային Կովկասում»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը։

Կիսվել