Սեյրան Օհանյանի հարցը կքննարկվի փետրվարի 7–ին մեկնարկող հերթական նիստի ժամանակ

Աննա Անտոնյան Հունվար 20, 2023

Ազգային ժողովը ստացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու՝ Գլխավոր դատախազի 3 միջնորդագրերը, Ազգային ժողովի նախագահը պատգամավորին տեղեկացրել է այդ մասին։ Այս մասին  զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը։

Սահմանադրության համաձայն՝ պատգամավորն անձեռնմխելի է, սա նշանակում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստում, որը մեկնարկելու է փետրվարի 7–ին։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի համաձայն՝ գլխավոր դատախազը եւ պատգամավորը պետք է մինչեւ քսանական րոպե տեւողությամբ ելույթներ ունենան, որից հետո նրանց կարող են  հարցեր տրվել, ապա մտքերի փոխանակություն տեղի ունենա, որից հետո պատգամավորը եւ գլխավոր դատախազը կարող են եզրափակիչ ելույթ ունենալ։

«Եթե միջնորդագրում նշված պատգամավորը հարցի քննարկման սկզբում Ազգային ժողովի նիստից անհարգելի պատճառով բացակայում է, ապա  հարցը քննարկվում է առանց նրա մասնակցության:

Պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ:

Ազգային ժողովի նախագահը պատգամավորի նկատմամբ  քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում եւ հրապարակում է անհապաղ»,– ասվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գլխավոր դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահին։ Ըստ դատախազության, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ), ինչպես նաեւ՝ անձնական այլ շահագրգռվածությունից եւ խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ (երկու դրվագ)։

Երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը, հանդիսանալով պաշտոնատար անձ, խմբային շահերից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, նաեւ չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ՝ վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը վատնելու եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ իշխանությունները այս գործընթացով փորձում են հանրության ուշադրությունը շեղել Հայաստանի եւ Արցախի առաջ ծառացած լրջագույն խնդիրներից։

«Իշխանությունները երկար ժամանակ խոսում էին այդ միջնորդության մասին, այսօր օգտվելով առիթից՝ որոշել են հանրության ուշադրությունը շեղել Հայաստանում տիրող իրավիճակից։ Իշխանությունները փոխարենը մտածեն սահմանների պաշտպանությամբ, անվտանգությամբ, Արցախի խնդիրներով, կամ էլ երեկ տեղի ունեցած ողբերգական դեպքով զբաղվեն, որի հետեւանքով 15 զինվոր է զոհվել, այս տեղեկությամբ փորձում են հանրությանը շեղել։ Սա հերթական շոուն է»,– ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Կիսվել